Երևանում մեկնարկեց մանկական դպրոցական ներկայացումների փառատոնը

24.09.2007, 17:39
Երևանում մեկնարկեց մանկական դպրոցական ներկայացումների փառատոնը
Երևանում մեկնարկեց մանկական դպրոցական ներկայացումների փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանում երկուշաբթի մեկնարկեց մանկական դպրոցական ներկայացումների երկօրյա փառատոնը։

Ինչպես փառատոնի բացման ժամանակ հայտարարեց կազմկոմիտեի նախագահ, «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի փոխնախագահ, ակադեմիկոս Բելլա Եսաջանյանը, միջոցառումը նվիրված է աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում Ռուսաց լեզվի տարվան։

«Այս տարի հաստատվում է այն հասկացությունը, որն արդեն սովորական է դարձել, այն է՝ ռուսաց լեզուն տարբեր երկրներում միջազգային հաղորդակցության լեզու է, իսկ Հայաստանում ռուսաց լեզուն միշտ օգնում է աշխատել, ապրել, ծանոթանալ համաշխարհային մշակույթին»,- ասաց նա։

Եսաջանյանի խոսքերով, դպրոցական ներկայացումներն օգնում են յուրացնել ռուսաց լեզուն, ավելի հեշտ խոսել և հաղորդակցվել ռուսերեն։

«Հայաստանում ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցներում մանկական ներկայացումները գոյություն ունեն՝ որպես ուսուցման պարտադիր տարր, և ներկայացումները, որոնք փառատոնի ընթացքում ներկայացվելու են հանդիսատեսի դատին, պատրաստված են բարձր մակարդակով»,- ընդգծեց նա։

Իր հերթին «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի նախագահ Աիդա Հարությունյանը նշեց, որ փառատոնի անցկացման գաղափարը կազմակերպիչների մոտ ծնվել է ուսումնական տարվա վերջին մի շարք հայկական դպրոցներ այցելելուց և նրանց թատերական խաղացանկին և բեմադրություններին ծանոթանալուց հետո։

«Բեմադրություններն այնքան լավն էին ու գրագետ, և մենք հասկացանք, որ դպրոցի շրջանակները նեղ են մանկական տաղանդի համար»,- պարզաբանեց նա։

Հարությունյանը տեղեկացրեց, որ փառատոնին մասնակցում են ավելի քան 10 հանրակրթական դպրոցների 4-10 դասարանցիներ, այդ թվում՝ Երևանից, Գյումրիից և Էջմիածնից։

 «Փառատոնը տևելու է երկու օր, որոնց ընթացքում դպրոցականները կներկայացնեն բեմադրություններ Պուշկինի, ինչպես նաև ռուս և հայ հեղինակների հեքիաթների հիման վրա, իսկ հաջորդ օրը կներկայացվեն ավելի լուրջ ստեղծագործություններ»,- պարզաբանեց նա՝ ավելացնելով, որ փառատոնի բոլոր մասնակիցները կստանան խրախուսական մրցանակներ։

Այս կապակցությամբ Ռուսաստանի ԱԳՆ-ին կից Միջազգային գիտական և մշակութային համագործակցության ռուսական կենտրոնի (Ռոսզարուբեժցենտր) ղեկավար Անատոլի Նիկոլաևն ընդգծեց, որ փառատոնը նվիրված է նաև Հայաստանում Պուշկինի տարվան։

«Հայաստանի շատ դպրոցներում գործում են մանկական թատրոններ, իսկ Պուշկինի հեքիաթները, որոնք սովորեցնում են լինել բարի և ըմբռնող, առավել հարմար են դպրոցական բեմերի համար»,- ասաց նա։

«Ռուսաստան» ՀԿ նախագահ, Սլավոնական դպրոցի տնօրեն Յուրի Յակովենկոյի խոսքերով, այս փառատոնի անցկացումն անհնար կլիներ առանց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, Հայաստանում Ռոսզարուբեժցենտրի ներկայացուցչության և «Երևանում Մոսկվայի տան»  օգնության և աջակցության։

Միջոցառման կազմակերպիչներն են «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնը, «Ռոսիա» հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությունը։

2007թ. մարտի 7-ին Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում մեկնարկեց Հայաստանում Ռուսաց լեզվի տարին։

Աշխարհում Ռուսաց լեզվի տարին մեկնարկեց հունվարի 24-ին Փարիզում՝ «EXPO-LANG-2007» 25-րդ հոբելյանական միջազգային լեզվաբանական ցուցահանդեսի ժամանակ, որտեղ Ռուսաստանը հանդես եկավ որպես պատվավոր հյուր՝ «Ռուսաց լեզուն հաղորդակցության առաջին լեզուն է տիեզերքում» կարգախոսով։ --0—