Հայաստանի տարին Ֆրանսիայում գերազանցեց բոլոր սպասելիքները. Ֆրանսիացի դիվանագետ

11.09.2007, 15:42
Հայաստանի տարին Ֆրանսիայում գերազանցեց բոլոր սպասելիքները. Ֆրանսիացի դիվանագետ

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի տարին Ֆրանսիայում գերազանցեց բոլոր սպասելիքները, երեքշաբթի Երևանում «Սուրբ Հայաստան` վերադարձ տուն» ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը։

Նրա խոսքերով, Հայաստանի տարի անցկացնելը շատ կարևոր էր, քանի որ Ֆրանսիայում կազմակերպված միջոցառումները ֆրանսիացիներին բացառիկ հնարավորություն տվեցին ծանոթանալ Հայաստանի մշակույթի, արվեստի և պատմության հետ։ «Այս տարին Հայաստանի համար իսկական հաղթանակի տարի էր»,- ասաց Սմեսովը։

Բացի այդ, ֆրանսիացի դեսպանն ավելացրեց, որ Ֆրանսիայում Հայաստանի տարին երկկողմանի հարաբերությունների զարգացման համար բացառիկ իրադարձություն դարձավ։

«Հայաստանի և Ֆրանսիայի միջև շատ սերտ հարաբերություններ են ստեղծվել, սակայն, դա բավական չէ, անհրաժեշտ է դրանք զարգացնել։ Հետագայում նույնպես մեր համագործակցության հիմքում լինելու է մեր մշակույթներին լավ ծանոթ լինելու հանգամանքը»,- ավելացրեց նա։

«Սուրբ Հայաստան՝ վերադարձ տուն» ցուցահանդեսի բոլոր նմուշները ցուցադրվել են Լուվրում։

«Սուրբ Հայաստան» (Armenia Sacra) ցուցահանդեսը Փարիզում կազմված էր Հայաստանի քրիստոնյա մշակույթի ավելի քան 200 նմուշներից՝ սկսած 4-րդ դարից մինչև 18-րդ դարի վերջը, որոնց թվում ցուցադրվեցին 32 խաչքար։ Ցուցահանդեսում ընդգրկված էին ոչ միայն Սուրբ Էջմիածնի գանձերը, այլև Հայաստանի այլ պատմական, հոգևոր և մշակութային կենտրոններից բերված նմուշներ, մասնավորապես՝ Մատենադարանի ձեռագրեր, նմուշներ Հայաստանի պատմության թանգարանից, ինչպես նաև սփյուռքի տարբեր թանգարաններից բերված ցուցանմուշներ։ Ցուցահանդեսի խաչքարերը բերված էին Հայաստանի տարբեր թանգարաններից, Ինչպես նաև Հին Ջուղայից, Փարիզի թանգարանից, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան Միաբանությունից։ Լուվրի ցուցահանդես այցելել է ավելի քան 300 հազար մարդ։

Հայաստանի տարին Ֆրանսիայում սկսեց 2006թ. սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը և ավարտվեց 2007թ. հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավման օրը։ Հայաստանի տարվա շրջանակներում 165 ֆրանսիական քաղաքներում տեղի ունեցան մոտ 850 մշակութային, տնտեսական և բարեգործական միջոցառումներ։

Խոշորագույն միջոցառումների թվում տեղի ունեցավ ձեռագրերի և պատմական արժեքների «Հայաստան՝ գրերի հրաշքը» ցուցահանդեսը, խաչքարերի ցուցահանդեսը՝ «Armenia Sacra» (Սուրբ Հայաստան), ինչպես նաև հայ հռչակավոր նկարիչներ Արշիլ Գորկու, Մարտիրոս Սարյանի նկարները, Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունը։ --0—