Columbia Records աշխարհահռչակ լեյբլը պայմանագիր է կնքել Ռոզա Լինի հետ

02.08.2022, 11:55
Columbia Records աշխարհահռչակ լեյբլը պայմանագիր է կնքել Ռոզա Լինի հետ
Columbia Records աշխարհահռչակ լեյբլը պայմանագիր է կնքել Ռոզա Լինի հետ
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լին պայմանագիր է կնքել Columbia Records աշխարհահռչակ ձայնագրման լեյբլի հետ, որն աշխարհի հնագույն լեյբլն է։ Այն նաև Sony Music Entertainment –ի դուստր ընկերությունն է։

Ռոզան այս լուրը հայտնել է Instagram–յան իր էջում։

«Անգամ իմ ամենահամարձակ երազում չէի կարող պատկերացնել, որ մի օր կասեմ սա, բայց ես այսուհետ Columbia Records-ի հետ պաշտոնապես պայմանագիր կնքած արտիստ եմ։ Այս լեյբլը իմ կուռքերից շատերի տունն է։ Իմ կյանքն ավելի արագ փոխվեց, քան ես կպատկերացնեի։ Շնորհակալ եմ բոլորիդ, որ աջակցեցիք Հայաստանի սրտում գտնվող փոքրիկ քաղաքից եկած աղջկան, և որ սիրում եք ու լսում Snap-ը։ Այնքան ուրախ եմ, որ այս երգը միավորել է մեզ․ հիմա ես պատրաստ եմ մեր ուղևորության հաջորդ փուլին։ Հիշեք՝ անգամ եթե ամեն ինչ ձեր դեմ է, և ձեր նպատակներն անհնարին են թվում, ու այն, ինչ անում եք, ամենաճիշտ բանն է թվում աշխարհում, ուրեմն շարունակեք դա անել, քանի որ քրտնաջան աշխատասիրությունն ու վճռականությունն, ի վերջո, պարգևատրվում են»,-գրել է երգչուհին։

Columbia Records լեյբլի ներքո ձայնագրվել են այնպիսի աշխարհահռչակ արտիստներ, ինչպիսիք են Սելին Դիոնը, Բարբարա Սթրեյզանդը, Ադելը, Բոբ Դիլանը և այլք։

Նշենք, որ Լինի Snap ստեղծագործությունը դարձել է վիրուսային աշխարհում։ Այն օգտագործվել է TikTok–ի ավելի քան 360 000 տեսանյութերում։ Երգը գտնվում է Լատինական Ամերիկայի, ԱՄՆ–ի, Աֆրիկայի հիթ շքերթներում։

Այս տարի Իտալիայի Թուրինում քաղաքում անցկացված «Եվրատեսիլում» Լինը զբաղեցրեց 20–րդ հորիզոնականը։ Մրցույթին մասնակցում էր 25 արտիստ։–0–