Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է Արմեն Ջիգարխանյանին ու հրավիրել նրան հայրենիք (ՎԻԴԵՈ)

25.10.2019, 23:13
Վարչապետը նաև նշեց, որ կհանձնարարի նախարարությանը զբաղվել թատրոնի հյուրախաղերի հարցով։
Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է Արմեն Ջիգարխանյանին ու հրավիրել նրան հայրենիք (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում այցելել է անվանի դերասան Արմեն Ջիգարխանյանին։

Հանդիպումն ուղիղ եթերով հեռարձակվում էր վարչապետի Facebook–յան էջում։

Վարչապետը հետաքրքրվել է դերասանի առողջական վիճակից ու հարցրել, թե դերասանը երբ է պատրաստվում գալ Հայաստան։

«Ես շատ եմ ուզում, դա իմ հայրենիքն է, ու հիմա, երբ անցան տարիները, հասկանում ես, որ այն շատ կարևոր բան է։ Կարծես, թե հեշտ բան է, բայց հետո հասկանում ես, որ դա շատ լուրջ է։ Եվ ցավոք մենք սկսում ենք դա հասկանալ տարիքի հետ», – նշեց Ջիգարխանյանը։

Նա նաև ասաց, որ շատ է ուզում այցելել, կազմակերպել հյուրախաղեր հայրենիքում, «սակայն դա մի քիչ թանկ բան է»։

Փաշինյանն իր հերթին նշեց, որ սկզբում Ջիգարխանյանը որպես հյուր կարող է այցելել Հայաստան, շրջագայել, իսկ հետո կկազմակերպվեն նաև նրա թատրոնի հյուրախաղերը։

Այնուհետև Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչպես են գործերն ընթանում թատրոնում։

«Լավ է, թատրոնը դժվար հասկացողություն է։ Դերասանները խաղում են, ամեն ինչ նորմալ է։ Ես գնում եմ թատրոն, բայց չեմ խաղում», – նշեց դերասանը։

Նա նաև ասաց, որ պարզվել է, որ թատրոնն ունի իր սեփական լեզուն։

Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետն անձամբ Ջիգարխանյանին հրավիրեց Երևան։

Վարչապետը նաև նշեց, որ կհանձնարարի նախարարությանը զբաղվել թատրոնի հյուրախաղերի հարցով։

Նշենք, որ հանրահայտ հայ դերասան Արմեն Ջիգարխանյանը 1996թ.–ից ղեկավարում է Մոսկվայի դրամատիկական թատրոնը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Մոսկվա` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:–0–