Արծվիկը՝ Ամստերդամի «Eurovision in Concert»-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

10.04.2017, 13:24
Եվրատեսիլյան ամենահայտնի միջոցառումներից մեկը՝ «Eurovision in Concert»-ը, կայացավ Ամստերդամում:
Արծվիկը՝ Ամստերդամի «Eurovision in Concert»-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Եվրատեսիլյան ամենահայտնի միջոցառումներից մեկը՝ «Eurovision in Concert»-ը, կայացավ Ամստերդամում:

Ինչպես հաղորդում է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը, արդեն ավանդական դարձած միջոցառմանն այս տարի ելույթ ունեցան 35 երկրների ներկայացուցիչներ և կատարեցին իրենց եվրատեսիլյան երգերը:

Մասնակիցների շարքում էր նաև Հայաստանի պատվիրակ Արծվիկը, ով իր մրցութային Fly with me երգով ոգևորեց իր երկրպագուներին:

«Eurovision in Concert»-ին մասնակցեցին նաև Ֆրանսիայի, Դանիայի, Բելգիայի, Իռլանդիայի, Մալթայի, Իտալիայի, Լիտվայի, Կիպրոսի, Ռումինիայի, Իսրայելի, Մակեդոնիայի, Հունգարիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Գերմանիայի, Ալբանիայի, Անգլիայի, Իսպանիայի, Չեխիայի, Ադրբեջանի, Ավստրիայի, Բելառուսի, Ֆինլանդիայի, Նիդերլանդների, Ուկրաինայի, Սլովենիայի, Շվեդիայի, Մոնտենեգրոյի, Մոլդովայի, Վրաստանի, Սերբիայի, Շվեյցարիայի և Սան Մարինոյի ներկայացուցիչները:

Ամստերդամում Արծվիկը մասնակցել է նաև պաշտոնական մամուլի ասուլիսի և հանդիպումներ ունեցել տարբեր միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:


Ի տարբերություն նախորդ 8 տարիների, այս անգամ «Eurovision in Concert»-ը ոչ թե ազդարարեց փրոմո-արշավների մեկնարկը, այլ հաջորդեց Ռիգայում, Լոնդոնում և Իսրայելում կայացած եվրատեսիլյան միջոցառումներին:

«Եվրատեսիլն » այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն:

Հայաստանը «Եվրատեսիլին» մասնակցում է 2006 թ.–ից։ Լավագույն արդյունքը` չորրորդ տեղը, ապահովել են երգչուհի Սիրուշոն 2008 թ.–ին և Արամ MP3–ը 2014 թ.–ին։–0–