Ինչ չի ցանկանում, ինչից է վախենում և ինչպիսի նախագծեր ունի Գարիկ Մարտիրոսյանը

23.10.2016, 20:00
Գարիկ Մարտիրոսյանը ասել է, թե ինչու է անհետացել հեռուստատեսությունից, չի գրանցվում սոցիալական ցանցերում և ինչու չի դիտում հանրաճանաչ ամերիկացի կոմիկների ելույթները:
Ինչ չի ցանկանում, ինչից է վախենում և ինչպիսի նախագծեր ունի Գարիկ Մարտիրոսյանը

ԵՐԵՎԱՆ,23 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հաղորդավար և Comedy Club –ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը ասել է, թե ինչու է անհետացել հեռուստատեսությունից, չի գրանցվում սոցիալական ցանցերում և ինչու չի դիտում հանրաճանաչ ամերիկացի կոմիկների ելույթները:

Lenta.ru-ին տված հարցազրույցում շոումենը, պատասխանելով այն հարցին, թե ինչու գրանցված չէ սոցիալական ցանցերում, ասել է, որ սոցիալական կայքերը ստեղծված են, որպեսզի մարդը դրանց շնորհիվ սոցիալականացվի, շփվի նոր մարդկանց հետ, ձեռք բերի նոր ընկերներ, ինքնաարտահայտվի:

«Սակայն իմ կյանքն այնքան հագեցած է, ինձ այնքան շատ մարդիկ են շրջապատում, որ երբեմն չեմ հասցնում շփվել այն մարդկանց հետ, որոնց հետ աշխատում եմ: Comedy Club-ի գրասենյակը ինքնին սոցիալական ցանց է: Պատկերացրեք, այնտեղ աշխատում է 5000 մարդ: Ու եթե ես նաև նստեմ սոցցանցերում` ուղղակի կխելագարվեմ», - ասել է Մարտիրոսյանը:

Ընդ որում, նա կտրականապես դեմ է կիրառել սոցիալական ցանցերը՝ որպես արևմտյան հումորային միտումներին ծանոթանալու ձև:

«Երբեք: Ես ոչինչ չեմ նայում հանուն նրա, որպեսզի գլխումս հանճարեղ մտքեր ծագեն: Ես վախենում եմ հանճարեղ մտքերից: Վախենում եմ ամերիկյան շոուներից, ստենդափներից, վախենում եմ նրանցից, ովքեր ինձ հետ միասին աշխատում են միևնույն ժանրում, քանի որ նրանց ելույթների իմաստավորումը հետագայում սխալ ծիլ է տալիս: Այն ամենը, ինչ ես արել եմ իմ կյանքում, իմ անձնական ստեղծագործական երևակայության արդյունք է եղել: Ես ոչն մեկից ոչինչ չեմ վերցնում, դա ինձ ուղղակի հետաքրքիր չէ», - ընդգծել է Մարտիրոսյանը:

Բացի այդ շոումենը նշել է, որ չի հետևում, թե ինչ են իր մասին գրում ինտերնետում, սակայն միակ պատմությունը, որին նա հետևել է, կապված է եղել իր անունից մազաթափության դեմ միջոցի գովազդի հետ:

«Ստիպված եղա արձագանքել, երբ արդեն քսաներորդ մարդը դիմեց ինձ՝ մազաթափության դեմ ինչ-որ քսուքի հետ կապված: Դա ամբողջությամբ ֆեյք է: Մենք արդեն վաղուց գտել ենք, թե ով է իմ անունից գովազդել այդ միջոցը, և շուտով տեղի կունենա դատը: Նրանց հետ դատավիճում է ընկերությունը, որը ներկայացնում է իմ շահերը ՏՆՏ-ում», - ասել է նա:

Մարտիրոսյանը խոստովանել է, որ մոտ երկու տարի է, ինչ չի նկարահանվում որևէ նախագծում և ավելացրել է, որ այժմ նրան ոչինչ չի հետաքրքրում՝ առաջարկելով դա ստեղծագործական դադար անվանել:

«Մյուս տարվանից նոր կյանք կսկսեմ: Մեր երկիրը նոր կյանք է սկսել 100 տարի առաջ, և ես կհետևեմ իմ նախնիների օրինակին: Մյուս տարվանից կսկսեմ հեղափոխական ծրագրեր իրականացնել, բարեբախտաբար` հումորի ոլորտում» - հայտնել է Մարտիրոսյանը:

«Մոտ ապագայում, եթե ամեն ինչ ստացվի, հնարավոր է, դուք նույնիսկ տեսնեք ինտերնետ-հումորային խրագրեր՝ ստեղծված բացառապես YouTube-ի, RuTube-ի, Facebook-ի և այլ ինտերնետ-հարթակների համար: Ես հավատում եմ, որ ինտերնետը հզոր ուժ է», - ամփոփել է Մարտիրոսյանը: -0-