Գարեգին II կաթողիկոս. հայ ժողովուրդը հպարտորեն ցուցադրում է իր մշակութային հարստությունը «Մետրոպոլիտեն» լեգենդար թանգարանում (ՖՈՏՈ)

25.09.2018, 18:07
Մի քանի տարի նախապատրաստվող այս եզակի ցուցահանդեսում ներկայացված են ավելի քան 140 ցուցանմուշներ:
Գարեգին II կաթողիկոս. հայ ժողովուրդը հպարտորեն ցուցադրում է իր մշակութային հարստությունը «Մետրոպոլիտեն» լեգենդար թանգարանում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ժամանակին համընթաց ապրող հայ ազգը հպարտորեն ցուցադրում է իր աստվածատուր մշակութային ժառանգության հարստությունը Նյու Յորքի «Մետրոպոլիտան» թանգարանում՝ արժանավոր տեղ զբաղեցնելով աշխարհի մեծ ժողովուրդների կողքին։ Այս մասին նախօրեին հայտարարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նյու Յորքի «Մետրոպոլիտան» արվեստի թանգարանում կազմակերպված «Հայաստա՛ն» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողության ժամանակ։

 - рис.1

Մի քանի տարի նախապատրաստվող այս եզակի ցուցահանդեսում ներկայացված են ավելի քան 140 ցուցանմուշներ, որոնք տրամադրվել են Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Նվիրապետական Աթոռների թանգարաններից, Հայաստանի պատմության թանգարանից, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից, ինչպես նաև Սփյուռքում գործող տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից: Ցուցադրված սրբությունների և արվեստի գործերի մեծ մասը դարերի ընթացքում ստեղծվել և պահպանվել է Հայոց Եկեղեցու կողմից։

 - рис.2

«Մենք պաշտպանել ու պահպանել ենք այն ամենը, ինչ մեզ բնորոշում է իբրև ազգ ու ժողովուրդ՝ մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր եկեղեցիները, մեր գիրը, սրբությունները և հավատքը։ Մեր կրոնը, մեր Ազգային Եկեղեցին է մեզ օգնել ապահովել մեր ազգային զարգացման անընդհատությունն այն դժնդակ տարիներին, երբ զուրկ ենք եղել պետականությունից», – հայտարարել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

«Դարերի ընթացքում մեր ժողովուրդը ապրել է միջազգային առնչությունների խաչուղիներում և Մետաքսի ճանապարհի երկայնքով մասնակցություն ունեցել առևտրային լայն փոխհարաբերություններում, ինչն էլ խորացրել ու եզակի բազմազանություն է ստեղծել քրիստոնեությամբ ներշաղախված մեր մշակութային կյանքում` հարստացնելով մեր ինքնությունը և միաժամանակ պահպանելով մեր իրական ազգային առանձնահատկությունները։»,– նշել է Կաթողիկոսը։

 - рис.3

Նրա խոսքով, պատմության ընթացքում հայ ազգը ճաշակել է աշխարհագրական դիրքի առավելություններն ու փորձությունները։
«Այս բոլոր ցուցանմուշները, որ հպարտորեն ներկայացնում ենք, վեր են հանում այն, ինչը մենք փայփայում ենք և ինչը պատմում է մեր ճակատագրի մասին։ Այս ամենը նաև բացարձակ հստակությամբ ներկայացնում է, թե ինչ ենք ստեղծել մենք` հայերս, համաշխարհային մշակութային ժառանգության մեջ», – նշել է նա։

Նրա խոսքով, չնայած այս ցուցադրությունը սահմանափակվում է 4-18-րդ դարերով, այն նաև ժամանակակից Հայաստանի մասին է, քանի որ հնարավորություն է ընձեռելու այցելուներին ծանոթանալ և սովորել հայ ժողովրդի մասին` աշխարհի քարտեզի վրա մտովի սավառնելով մեր Հանրապետությունում և պատմական հայրենիքում։

Կաթողիկոսը նշել է, որ ցուցահանդեսի կազմակերպումը հնարավոր է դարձել ոչ միայն հայկական և այլ աշխարհասփյուռ հաստատությունների կողմից ներկայացված ցուցանմուշների, ինչպես նաև բարերարների առատաձեռնությամբ։ Նա կարևորել է նաև դոկտ. Հելեն Էվանսի անսահման սիրն ու հոգատարությունը։

«Տարիներ առաջ ծնված այս գաղափարը գաղափար էլ կմնար, եթե չլիներ աշխարհին մեր արվեստը և ինքնությունը ցուցադրելու դոկտ. Էվանսի` տարիների նվիրումով ու ավյունով կուտակված ջանասիրությունը։ Հիրավի, արվեստի միջոցով մենք կարող ենք դառնում առնչվելու այս աշխարհում Աստուծո արարչական առաքելությանը: Այս համոզումն է, որ մխիթարություն և խթանող ուժ է հանդիսացել մեր նախնյաց համար Հայոց աշխարհում, ովքեր արարել և դարերի խորքից մեզ են ավանդել արվեստի այս հիասքանչ մասունքները: Մենք գոհություն ենք հայտնում Ամենակալ Աստծուն, որ մեզանում ապրում են արվեստի ճշմարիտ ջահակիրներ, ինչպիսիք են տիկին Էվանսը, Մետրոպոլիտան թանգարանի ողջ անձնակազմը` առաջնորդությամբ պարոն Վայսի և այն բոլորն, ովքեր ներգրավված են եղել այս սքանչելի նախաձեռնության կյանքի կոչմանը», – նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ 

 - рис.4

Ելույթի ավարտին Նորին Սրբությունը նաև իր գնահատանքն է փոխանցել Հայաստանի բոլոր բարեկամներին, իսկ ցուցահանդեսի գլխավոր համադրող դոկտ. Հելեն Էվանսին, ի նշան հայ ժողովրդի երախտագիտության, շնորհել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան:–0–