Ծիրանի օծման արարողությամբ նշանավորվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացումը

10.07.2016, 18:08
Կիրակի Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցում ծիրանի օծման արարողությամբ նշանավորվեց «Ոսկե ծիրան 2016»  միջազգային կինոփառատոնի բացումը։
Ծիրանի օծման արարողությամբ նշանավորվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացումը
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Կիրակի Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցում ծիրանի օծման արարողությամբ նշանավորվեց «Ոսկե ծիրան 2016» միջազգային կինոփառատոնի բացումը։

Կինոփառատոնի խորհրդանիշի` ծիրանի օծման արարողությունը դարձել է ավանդական։

Ծիրանի օծման արարողությունից և պատարագից հետո բոլոր ներկաներին բաժանվեցին օծված ծիրաններ։

Այս տարի «Ոսկե ծիրան» XIII միջազգային կինոփառատոնը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25–ամյակին։ Կինոփառատոնի շրջանակում կներկայացվի մոտ 135 ֆիլմ, որոնցից 43–ը` մրցութային երեք ծրագրերում` «Խաղարկային ֆիլմերի մրցույթ», «Վավերագրական ֆիլմերի մրցույթ» և «Հայկական համայնապատկեր»։

Կինոփառատոնի շրջանակում կցուցադրվեն համաշխարհային կինեմատոգրաֆի վարպետների գլուխգործոցները «Երևանյան պրեմիերա», «Հայացք դրսից և ներսից», «Հատուկ ցուցադրում», «Հայ կինո. նոր ժամանակներ», «Շեքսպիրն ապրում է կինոյում», «Ֆրանսիական կինոծրագիր», «Դանիական նոր կինո» և «Բասկական նոր կինո» ծրագրերի շրջանակում։

ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է:

«Ոսկե ծիրան» 13–րդ միջազգային կինոփառատոնին կներկայացվի մոտ 135 ֆիլմ։ Այս տարի փառատոնի պատվավոր հյուրը կլինի բրիտանացի կինոդերասանուհի, համաշխարհային կինեմատոգրաֆի աստղ Ժակլին Բիսեթը։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից, այն տարածաշրջանի ամենաճանաչված փառատոներից մեկն է: Փառատոնը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության և VivaCell-MTS ընկերության աջակցությամբ։ Տարբեր տարիներին Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։

2010 թվակաժնին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին:–0–