Ընդդիմությունը բանդիտիզմի և բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է տեսել Փաշինյանի Facebook-յան աղմկահարույց գրառման մեջ

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունը իրավապահ մարմինների ղեկավարներից պահանջել է հետաքննել Նիկոլ Փաշինյանի երեկվա Facebook-յան գրառումը՝ դրանում տեսնելով բանդիտիզմի և բռնություն գործադրելու հրապարակային կոչեր:
Խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը Facebook-յան իր էջում հրապարակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝ ՀՀ ԱԱԾ տնօրենին, ՀՀ Ոստիկանության պետին, ՀՀ Գլխավոր դատախազին, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահին ուղղած մանակի պատճենը։
ԲՀԿ-ում կարծում են, որ սույն գրառումն իր մեջ առերևույթ պարունակում է ՀՀ Քրեական օրենսգրքի 222 (Բանդիտիզմ) և 226.2 (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) հոդվածներով քրեական գործ հարուցելու բոլոր հիմքերը:
«Վարչապետի պաշտոն զբաղեցնող անձն այլևս սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգության և Հայաստանի հասարակության համար: Այդ պաշտոնին նրա մնալու յուրաքանչյուր օրը վտանգում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը: Հորդորում ենք ժամ առաջ ձեռնարկել իրավական քայլեր՝ օրենքի ուժով Նիկոլ Փաշինյանին մեկուսացնելու և երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար»,- հայտարարում է «Բարգավաճ Հայաստանը»:-0-