Ընդդիմության ցույցի մասնակիցները կրկին շարժվում են դեպի Ազատության հրապարակ

01.12.2015, 23:09
Երևանի կենտրոնում ընդդիմության ցույցի մասնակիցների երթը շարունակվում էր Ամիրյան փողոցով, բայց րոպեներ առաջ երթի առաջնորդներից մեկը` Րաֆֆի Հովհաննիսյանը, նշեց, որ իրենք ուղղվում են Ազատության հրապարակ:
Ընդդիմության ցույցի մասնակիցները կրկին շարժվում են դեպի Ազատության հրապարակ
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի կենտրոնում ընդդիմության ցույցի մասնակիցները երթ էին սկսել, այն շարունակվում էր Ամիրյան փողոցով, բայց երթի առաջնորդներից մեկը` Րաֆֆի Հովհաննիսյանը, նշեց, որ իրենք շարժվում են դեպի Ազատության հրապարակ, որտեղ կլինեն ելույթներ և «երկարաժամկետ և կարճաժամկետ միջոցառումներ»:

Նա միաժամանակ կոչ արեց ոստիկանությանը դադարեցնել կուսակցապետության պաշտպանությունը, ասելով, որ սադրիչ են այն մարդիկ, ովքեր խախտում են խաղաղ երթ իրականացնող մարդկանց իրավունքները:

«Իշխանություններն իրենց քայլերով, ազատ տեղաշարժի իրավունքը խախտելով, արդեն իսկ ապացուցել են, որ դեկտեմբերի վեցին ազատ և արդար հանրաքվե չի լինելու, ավելացնելով, որ այդ քայլերով նրանք ավելի մեծ պոռթկում են ակնկալում»,- ասաց Հովհաննիսյանը:

Ավելի վաղ «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը կոչով հանդես եկավ` ասելով, որ հեղափոխությունը սկսվել է:

Այս պահին հետագա հստակ ծրագիր կամ գործողություններ որպես այդպիսին չկան:

Միաժամանակ ՀՀ ոստիկանության հաղորդագրություն է տարածել, որտեղ նախազգուշացնում է, որ 2015թ. դեկտեմբերի 1-ի հավաքն ընթանում է օրենքի խախտումներով:

«Հավաքի կազմակերպիչներն իրենց կողմից ներկայացված և ի գիտություն ընդունված երթուղուց շեղվելով, «մեր քաղաքում ազատ քայլելու» և համանման այլ պատճառաբանություններով շարժվել են դեպի երթի իրազեկմամբ չնախատեսված Մելիք-Ադամյան փողոց և արգելափակել հարակից Հանրապետության փողոցի երթևեկությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ոստիկանությունը փաստում է, որ նախատեսված հավաքների առաջին իսկ օրից, հավաքի կազմակերպիչները, անտեսելով ՀՀ ոստիկանության նախապես տարածված հայտարարության մեջ տեղ գտած ողջախոհության և օրինապահության կոչերը, ձեռնարկել են իրավիճակը լարելուն և ոստիկանների հետ բախումներ հրահրելուն ուղղված սադրիչ գործողություններ:

«ՀՀ ոստիկանությունը հավաքի կազմակերպիչներին և, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանին և Ժիրայր Սեֆիլյանին հերթական անգամ սթափության կոչ է անում և պահանջում նման բազմամարդ միջոցառումներում ձեռնպահ մնալ ինչպես հավաքի մասնակիցների, այնպես էլ ՀՀ ոստիկանության աշխատակիցների անվտանգությանը սպառնացող իրավիճակներ ստեղծելուց: Նման գործողությունների արդյունքում առաջացած հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրելու են հավաքի կազմակերպիչները», – նշվում է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ։ -0-