Լարված իրավիճակ Ազատության պողոտայում․ բնակիչները բողոքում են շենքի բակում կլինիկայի կառուցման դեմ

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի Ազատության պողոտայում առավոտից լարված իրավիճակ է։ Ազատության պողոտա 12/2 շենքի բնակիչները բողոքում են, քանի որ իրենց շենքի բակում ցանկանում են մասնավոր բժշկական կլինիկա կառուցել։
«Առավոտյան մեծ թվով ոստիկաններ ներխուժել են բակ՝ ապահովելու շինարարության մեկնարկը, այն դեպքում, երբ խախտումների մասին բողոքներ են ներկայացվել համապատասխան մարմիններին։ Կաթսայատան տեղը ուզում են կառուցել 3-4 բժշկական կենտրոն, այն դեպքում, երբ գեոլոգիական, սեյսմիկ, բնապահպանական, քաղաքաշինական, կոմունիկացիոն լուրջ խախտումներ կան», – լրագրողներին հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նա հայտարարեց, որ դիմումներ են ներկայացվել դատախազություն, քաղաքապետարան, քաղաքաշինության կոմիտե։
«Բոլոր տեղերն ահազանգ տվել ենք և պահանջել ենք կասեցնել շինարարությունը՝ մինչև հարցը պարզվի, բայց տրված շինթույլտվության ժամկետը լրանում է ուղիղ 20 օր հետո, եթե լրացավ, երկրորդ անգամ թույլտվություն չեն տալու, բացառվում է», – ասացին ակցիայի մասնակիցները՝ նշելով, որ այդ պատճառով շինարարության կազմակերպիչները փորձում են ուժով իրականացնել իրենց ծրագիրը։
Նրանք նաև պահանջում են պատասխան քաղաքապետարանի ներկայացուցիչներից և թաղապետից, նշում են, որ իրենց խոստացել են պատասխանել մինչև երեկո։
Տեղում հերթապահություն իրականացնող ոստիկաններն իրենց հերթին առաջարկեցին բնակիչներին հանդիպել կառուցապատողի հետ և քննարկել բոլոր հուզող հարցերը։