ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վարկեր գյուղատնտեսության զարգացման համար՝ շահավետ պայմաններով

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը, հատուկ նշանակություն տալով ՀՀ գյուղատնտեսության զարգացմանը, շահավետ պայմաններ է առաջարկում գյուղատնտեսական վարկերի համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն, վարկերը տրամադրվում են ինչպես հիմնական, այնպես էլ շրջանառու միջոցների ձեռք բերման և համալրման, նաև այլ բանկերից և վարկային կազմակերպություններից գործող գյուղատնտեսական վարկերի գնման նպատակով։
Այլ բանկերից և վարկային կազմակերպություններից գյուղատնտեսական վարկերի գնումը հնարավորություն կտա հաճախորդներին զգալիորեն նվազեցնել վարկի/վարկերի սպասարկման գծով իրենց ամսական ֆինանսական բեռը՝ ի հաշիվ իջեցված վարկային տոկոսադրույքի և վարկի մարման վերջնաժամկետի երկարաձգման։ Վարկերի տեղափոխման պահին հաճախորդը կարող է ստանալ նաև լրացուցիչ վարկային սահմանաչափ:
Գյուղատնտեսական վարկը տրամադրվում է 2-3 աշխատանքային օրվա ընթացքում: Վարկային պարտավորությունների մարման համար նախատեսված են անուիտետային վճարումներ կամ մարման ճկուն և անհատական ժամանակացույց՝ կախված բիզնեսի սեզոնայնությունից, մասնավորապես՝ յուրաքանչյուր 12 ամիսը մեկ թույլատրվում է ոչ ավել, քան 6 ամիս տևողությամբ արտոնյալ ժամանակահատված՝ հիմնական պարտավորության մարման գծով։
«ՎՏԲ-Հայաստան Բանկում գյուղատնտեսական վարկ կարելի է ձևակերպել 300 հազ․ ՀՀ դրամից մինչև 45 մլն․ ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան 12% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,56%-23.97%) և 18-60 ամիս մարման ժամկետով։ Մինչև 6 մլն․ ՀՀ դրամի չափով գյուղատնտեսական վարկը տրամադրվում է առանց գրավի ապահովվածության։ Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տուգանք նախատեսված չէ»,- նշվում է բանկի հաղորդագրության մեջ:
Հաճախորդներին հասանելի են գյուղատնտեսական վարկավորման մի շարք պրոդուկտներ, մասնավորապես՝ կարկտապաշտպան ցանցերի ներդրման, ինտենսիվ խաղողի այգիներ, հատապտղանոցներ հիմնելու, տոհմային ոչխարների և այծերի բուծման, գյուղատնտեսական հումքի պահեստավորման և այլ նպատակներով տրամադրվող վարկեր:
«Հայաստանի գյուղատնտեսությունը Բանկի կողմից ֆինանսավորվող հեռանկարային ոլորտներից մեկն է, քանի որ այն ունի զարգացման զգալի ներուժ։ Մենք մտադիր ենք շարունակել ակտիվ աշխատել այս ուղղությամբ՝ ընդլայնելով պրոդուկտների շարքը և առաջարկելով գյուղատնտեսական վարկավորման շահավետ պայմաններ»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման Դեպարտամենտի տնօրեն Արա Ավագյանը:
Գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, ովքեր հանդիսանում են ՀՀ ռեզիդենտ և զբաղվում են գյուղատնտեսական գործունեությամբ։
Գյուղատնտեսական վարկավորման մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային Կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–