ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում COVID-19- ի ակտիվացման համատեքստում քաղաքացիների կողմից դիմակներ կրելու նկատմամբ վերահսկողությունը կվերսկսվի նախկինի պես, լրագրողներին հայտնեց Հայաստանի փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:
«Մենք արդեն անցել ենք դիմակ չկրելու հետ կապված տույժերի հին ռեժիմով աշխատանքների կատարմանը, հետևաբար՝ տույժերը կրկին վերադարձել են։ Նույնը նաև տրանսպորտի նկատմամբ է, գերծանրաբեռնված տրանսպորտային միջոցների նկատմամբ ևս ունենք կայացրած համապատասխան որոշումներ»,-ասաց Արա Ֆիդանյանը։նա։
Ֆիդանյանն ընդգծեց, որ ոստիկանական ուժերի գերակշիռ մասը մասնակցում է ռազմական դրության իրավական ռեժիմով սահմանված գործողությունների իրականացմանը։
«Մենք այդքան ուժ ու կարողություն չունենք, որպեսզի ամենուր լինենք, որպեսզի քաղաքացիները կրեն դիմակներ։ Որքան հնարավոր է՝ մենք փորձում ենք ապահովել։ Կան հստակ երթուղիներ, որոնք որ սահմանված են համապատասխան վարչական շրջանների տարածքում, և դրանով փորձում ենք ոստիկանության աշխատողներ ներգրավել և հսկողություն սահմանել»,-շեշտեց նա։-0-