Որակական առաջընթաց է արձանագրվել Հայաստան-ԵՄ համագործակցության մեջ. նախագահ

17.11.2016, 20:48
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատարին։
Որակական առաջընթաց է արձանագրվել Հայաստան-ԵՄ համագործակցության մեջ. նախագահ
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը և հանձնակատար Յոհաննես Հանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Զրուցակիցները ջերմությամբ են հիշել նախորդ հանդիպումը, արձանագրելով, որ որակական առաջընթաց է արձանագրվել Հայաստան-ԵՄ համագործակցության մեջ՝ ավելի է ակտիվացել բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը։

Հանրապետության Նախագահը հատկանշական է համարել, որ դեռևս մեկ տարի առաջ պարոն Հանի հետ քննարկած որոշ հարցեր արդեն երկկողմ օրակարգի մաս են դարձել, այդ թվում՝ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է իր մասնակցությունը Արևելյան գործընկերության ծրագրին, և անցած տարիների ընթացքում, հնարավորության սահմաններում, արել է ամեն ինչ համագործակցային այդ ձևաչափի կայացման ու զարգացման համար:

«ՀՀ Նախագահը հույս է հայտնել, որ թե՛ արտաքին գործերի, թե՛ կրթության, գիտության ու հետազոտությունների հարցերով նախարարական քննարկումների արդյունքները, 2017թ. Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ, իրենց դրական ներդրումը կունենան ԵՄ և գործընկեր երկրների միջև համագործակցության ամրապնդման գործում»,– ասվում է հաղորդագրությունում։