Վարչապետ. «Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի»

14.12.2020, 14:13
Վարչապետ. «Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի»
Վարչապետ. «Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի»

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման որևէ փուլում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրը Facebook-յան ուղիղ եթերով ժողովրդին դիմելիս:

«ՀՀ սահմանների անխախտելիության սկզբունքը որեւէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել: Բայց այս չլուծված հարցերը պետք է լուծել սառը, հանդարտ աշխատանքով»,- հայտնել է վարչապետը:

Նա նշել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգելանի և Կուբաթլիի շրջանների մասին հիշատակում չի եղել, որովհետև հայտարարության ստորագրման պահին ցավոք դրանց 90 տոկոսից ավելին եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո:

«Բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այդ հատվածում պետք է տեղի ունենա սահմանագծերի ճշգրտում, ինչը շաբաթների ընթացքում պետք է իրականացվի: Այստեղ կան մեզ համար զգայուն հարցեր, եւ այդ հարցերի կառավարման շուրջ տեղի են ունենում ինտենսիվ բանակցություններ»,- նշել է վարչապետը: 

Նրա խոսքով, այսօր տեղի ունեցող գործընթացները, որոնք երբեմն ցավոտ են, շատերը փորձում են օգտագործել նեղ քաղաքական նպատակներով:

«Ապատեղեկատվության հսկայական հոսքեր են դրվել շարժման մեջ: Դրանց մեծ մասը կառավարվում է արտերկրից, ու չենք կարող բացառել դրանց առնչությունը օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ»,- հայտնել է նա:

Փաշինյանը, որպես օրինակ, բերել է հետևյալը. «առավոտյան լրահոսից կարող էր տպավորություն ստեղծվել, թե Սյունիքի մարզում մարտական գործողություններ են տեղի ունեցել: Մինչդեռ ճշմարտությունն այն է, որ գիշերը Սյունիքում, ինչպես նոյեմբերի 9-ից հետո ընդհանուր առմամբ բոլոր գիշերները, ռազմական առումով անցել է հանգիստ»: -0-