Ունեցել ենք վատ իմաստով ռեկորդային թիվ՝ 771 նոր դեպք. Թորոսյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում նախորդ օրը հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 771 նոր դեպք: Այս մասին հինգշաբթի՝ հունիսի 25-ին կառավարության նիստի ժամանակ հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Երեկ ունեցել ենք վատ իմաստով ռեկորդային բացարձակ թիվ՝ 771 նոր դեպք կատարված 2336 հետազոտություններից: Տոկոսի առումով ընդհանուր թվի մեջ կրկին տատանվում է նոր դրական դեպքերի թիվը 30 տոկոսի շրջանակում կատարված հետազոտություններից»,- նշել է Թորոսյանը՝ ընդգծելով, որ իրավիճակը մնում է լարված:
«Ունենք ընդամենը 51 քաղաքացի, որ կարիք ունի տեղափոխման կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ, ումից ընդամենը 2-ն են գտնվում տանը»,- նշե; է Թորոսյանը:
Նա հայտնել է, որ ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը տատանվում է 600-ի շրջանակում: Ծանր վիճակում գտնվում է 502 պացիենտ, և 113-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում: Իսկ թոքերի արհեստական օդափոխության սարքերին այս պահի դրությամբ միացված է 40 մարդ: -0-