Թուրքիան պետք է դադարեցնի իր ներգրավվածությունը ղարաբաղյան հակամարտության մեջ․ Փաշինյանն անվանել է զինադադարի պայմանները

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել TIME հանդեսին, որում պատասխանել է Լեռնային Ղարաբաղի սահմանագոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների, Թուրքիայի կողմից տարածաշրջան ահաբեկչական խմբավորումներ տեղափոխելու հետ կապված հարցերի: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը վերստին մեղադրանքներ է հնչեցրել առ այն, որ Թուրքիան արդեն իսկ ռազմական միջամտություն է իրականացնում հօգուտ Ադրբեջանի` պնդելով, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայքարում է տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու համար:
«Հայաստանն ու Ղարաբաղը դարձել են քաղաքակրթական առաջնագիծ», - հոկտեմբերի 2-ին TIME-ի հետ հեռախոսազրույցում ասել է Փաշինյանը՝ մեղադրելով Էրդողանին ի աջակցություն Ադրբեջանի տարածաշրջան 1500–2000 սիրիացի ահաբեկիչներ ուղարկելու մեջ:
Վկայակոչելով Թուրքիայի ռազմական ներխուժումները Սիրիա, Լիբիա, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի առճակատումը Հունաստանի հետ, Փաշինյանն ասել է. «Թուրքիայի գործողությունները ոչ այլ ինչ են, քան փորձեր ուղղված Օսմանյան կայսրության վերականգնմանը»:
Հարցին, թե չի կարծում արդյոք, որ հակամարտության նախաշեմին իր կատարած գործողություններով նա սադրեց Ադրբեջանին, Փաշինյանը պատասխանել է, որ իշխանության գալուն պես նա պատմական կոչ է արել` առաջարկելով հակամարտության լուծման նոր բանաձև, որը պետք է բավարարեր ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին: Ըստ նրա, իր հետագա հայտարարություններն արվել են ի պատասխան Ալիևի մաքսիմալիստական դիրքորոշման:
Փաշինյանն ասել է` որպես զինադադարի պայման, Հայաստանը պնդում է, որ Թուրքիան «դադարեցնի իր ներգրավվածությունը» և «դուրս բերի կամ չեզոքացնի վարձկաններին ու ահաբեկիչներին»:
Նա պնդել է, որ վարձկաններն ադրբեջանական գյուղերում հալածում են մարդկանց և թալանում ալկոհոլ վաճառող խանութները՝ պահանջելով, որ նրանք հետևեն շարիաթի օրենքներին:
Ըստ Փաշինյանի, ներկայումս Ադրբեջանում կան 1,500–2,000 ահաբեկիչներ:-0-