Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առաջիկայում Ադրբեջան կուղարկի նախարարության ղեկավարի տեղակալ Անատոլի Անտոնովին՝ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության երկարացման հետ կապված հարցերի վերջնական կարգավորման բանակցություններին, չորեքշաբթի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարի քարտուղար, փոխգնդապետ Իրինա Կովալչուկը:
Նրա խոսքով՝ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը բանակցություններ է անցկացրել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի և Ադրբեջանի փոխգործակցության վիճակը և հեռանկարները, այդ թվում՝ Գաբալայի ՌԼԿ կարգավիճակի, օգտագործման սկզբունքների և պայմանների համաձայնագրի գործողության ժամկետի երկարացմանը վերաբերող հարցեր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Այս հարցերի վերջնական կարգավորման համար առաջիկայում ծրագրվում է միջպետական բանակցություններ սկսել: Այդ նպատակով որոշում է ընդունվել Բաքու ուղարկել ռուսական միջգերատեսչական պատվիրակություն, որը կգլխավորի ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը»,- ասել է Կովալչուկը: -0-