ՌԴ ԱԻՆ-ն ավարտել է ռուսաստանցիների տարհանումը Լիբիայից

23.02.2011, 19:50
ՌԴ ԱԻՆ-ն ավարտել է ռուսաստանցիների տարհանումը Լիբիայից

Ռուսաստանցիների և այլ պետությունների քաղաքացիների տարհանումը Լիբիայի մայրաքաղաքից ԱԻՆ ավիացիայի կողմից ավարտվել է, աֆրիկյան երկրից Մոսկվա է ժամանել չորրորդ ինքնաթիռը, «ՌԻԱ Նովոստիին» է հայտնել Ռուսաստանի ԱՒՆ տեղեկատվության վարչության ներկայացուցիչը։

«Ռուսների և այլ պետություների քաղաքացիների տարհանումն ավարտվել է։ Մոսկվայի ժամանակով ժամը 17։20-ին (Երևանի ժամանակով՝ 18։20), Տրիպոլիի միջազգային օդանավակայանից օդ է բարձրացել Յակ-42 ինքնաթիռը, որում գտնվում են նախարարության օպերատիվ խմբի 16 անդամներ»,- ասաց գործակալության զրուցակիցը։

ՌԴ ԱԻՆ ԻԼ-76 երկու ինքնաթիռներ արդեն վայրէջք են կատարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ճանապարհին է ԱԻՆ ևս մեկ Իլ-62 օդանավ։ Թռիչքի ժամանակ ռուսաստանցիներին հոգեբանական աջակցություն են ցուցաբերել ԱԻՆ Արագ հոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետները, որոնց մարդիկ կարողանում էին դիմել գրեթե ցանկացած խորհրդակցության համար։

«Դոմոդեդովո» օդանավակայանում, ուր ժամանում են ՌԴ քաղաքացիներով ինքնաթիռներ, աշխատում է Ռուսաստանի ԱԻՆ հոգեբանների երկու խումբ։ Նրանց օգնությանն են դիմում ոչ միայն Տրիպոլիից ժամանածները, այլև նրանց բարեկամներն ու հարազատները։ Հոգեբաններ են աշխատում նաև Մոսկվայի «Իզմայլովո» հյուրանոցում, որտեղ ժամանակավորապես կտեղավորեն երկրի այլ շրջանների քաղաքացիներին։

Երեքշաբթի բացված «թեժ գծի» հեռախոսին ստացվել է մոտ 550 զանգ։ Դեռևս Լիբիայում գտնվող կամ արդեն Մոսկվա ժամանած քաղաքացիների մասին կարելի է տեղեկություն ստանալ 8 (495) 626-37-07 հեռախոսահամարով։ -0-