Ղարաբաղյան հակամարտության բանակցություններն առանց Ստեփանակերտի ներգրավման անօգուտ են. Ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար

23.09.2010, 19:19
Ղարաբաղյան հակամարտության բանակցություններն առանց Ստեփանակերտի ներգրավման անօգուտ են. Ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար
Ղարաբաղյան հակամարտության բանակցություններն առանց Ստեփանակերտի ներգրավման անօգուտ են. Ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններն առանց Ստեփանակերտի ներգրավման ոչինչ չեն նշանակում, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի Ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար, գնդապետ Անատոլի Ցիգանոկը։

«Ինչ էլ որ քննարկվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների ժամանակ, առանց Ստեփանակերտի համաձայնության դրանք ոչ մի արդյունք չեն տա»,- նշեց նա։

Ըստ փորձագետի՝ պարզապես անհրաժեշտ է բանակցային գործընթացում երրորդ կողմ ներգրավել՝ ԼՂՀ-ին, հակառակ դեպքում բանակցություններն անվավեր կլինեն։

Այսօր, ինչպես նշեց Ցիգանոկը, ԼՂՀ-ի ճանաչման մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ գործարկվել է պետական կազմավորումների ճանաչման գործընթացը, և ԼՂՀ-ի համար նախադեպեր են ստեղծվում, որոնք միջազգային ճանաչում ստանալու նոր հնարավորություններ են բացում՝ Ադրբեջանի կամքին հակառակ։

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հուլիսի 22-ին խորհրդակցական եզրակացություն է կայացրել, ըստ որի՝ Կոսովոյի անկախության ինքնահռչակումը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին: Դատարանը կարծում է, որ միջազգային իրավունքն անկախության հռչակման որևէ տեսանելի արգելք չի պարունակում:

Կոսովոյի միջազգային ճանաչումից բացի մի շարք երկրներ ճանաչել են Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-