Մեդվեդևը Ռուսաստանի զարգացման ներկա ուղուց բացի այլ ճանապարհ չի տեսնում

10.09.2010, 17:19
Մեդվեդևը Ռուսաստանի զարգացման ներկա ուղուց բացի այլ ճանապարհ չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի զարգացման համար այլ ճանապարհ չէր ցանկանա, քան այն, որով նա անցել է և անցնում է։

«Վերջին բոլոր 20 տարիների ընթացքում իշխանության ղեկին ամենատարբեր ձևերով եղել են կենտրոնամետները, ովքեր ցանկացել են Ռուսաստանը տնտեսական բարեփոխումների ճանապարհով տանել։ Ինչ-որ բան հաջողվել է, ինչ-որ բան չի հաջողվել, երբեմն լուրջ, անգամ աղետալի սխալներ են եղել, եղել են նաև նվաճումներ, բայց մենք առաջ ենք շարժվել»,- Յարոսլավում կայացած Համաշխարհային քաղաքական ֆորումի շրջանակներում քաղաքագետների հետ հանդիպման ժամանակ ասաց Մեդվեդևը՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ էր Ռուսաստանը զարգացման այլ ճանապարհով գնալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Մեդվեդևը նշեց, որ չի կարծում, որ Ռուսաստանը կարող էր մեկ այլ ճանապարհ ունենալ։ «Եթե ձեզ հետաքրքրում է իմ անձնական տեսակետը, ապա ես դա (այլ ճանապարհը) չէի ցանկանա»,- ասաց նախագահը։

Ըստ նրա՝ Ռուսաստանը, որտեղ բացառությամբ վերջին 20 տարիները գրեթե ժողովրդավարական համակարգ չի եղել, պետք է հաջողակ երկրի օրինակ դառնա։

«Մենք հազար տարի ավտորիտար հասարակարգ ենք ունեցել: Մենք հետաքրքիր օրինակ ենք այն բանի, թե ինչպես կարող է զարգանալ ժողովրդավարությունը շատ հզոր ավտորիտար պատմությամբ երկրում»- ասաց Մեդվեդևը։ -0-