Իսլամական աշխարհի լիգան կոչ է արել Ղրղզստանի իշխանություններին կանխել միջէթնիկական բախումները

24.06.2010, 12:36
Իսլամական աշխարհի լիգան կոչ է արել Ղրղզստանի իշխանություններին կանխել միջէթնիկական բախումները
Իսլամական աշխարհի լիգան կոչ է արել Ղրղզստանի իշխանություններին կանխել միջէթնիկական բախումները

Իսլամական աշխարհի լիգան կոչ է արել Ղրղզստանի իշխանություններին անհապաղ կանխել միջէթնիկական բախումներն ու  դադարեցնել «մահմեդականության մեջ եղբայրներ» ուզբեկների և ղրղզների միջև արյունահեղությունը, հինգշաբթի հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ալ-Հայաթ» թերթին:

Ղրղզստանի հարավում հունիսի 11-ի գիշերը սկսվեցին զինված բախումներ ղրղզների և ուզբեկների միջև: Շաբաթվա ընթացքում այնտեղ տեղի էին ունենում ջարդեր, թալան և բնակելի տների հրկիզումներ: Իշխանությունները Օշի և Ջալալ-Աբադի մարզերի մի շարքի շրջաններում արտակարգ իրավիճակ էին հայտարարել: Վերջին պաշտոնական տվյալների համաձայն, հունիսյան բախումների զոհ է դարձել 258 մարդ: Ղրզստանի իշխանություններն ընդունում են, որ իրականում զոհերի թիվը կարող է շատ ավելին լինել:

Մահմեդական բավական հին միջազգային կազմակերպության՝ Իսլամական աշխարհի լիգայի (կազմակերպությունը 2012 թ.-ին կնշի իր 50-ամյա հոբելյանը) գլխավոր քարտուղարությունը դիմել է ղրղզական և ուզբեկական համայնքների առաջնորդներին՝ կոչ անելով «վերջ դնել արյունահեղ սպանություններին»:

Մեքքայում տարածած հայտարարության մեջ Լիգայի գլխավոր քարտուղար Աբդալլահ աթ-Թուրքին զգուշացրել է «ազգամիջյան պառակտության վտանգի մասին, որը խախտում է մահմեդականների միասնությունը», նա հիշեցրել է, որ շարիաթի կանոնների համաձայն՝ «արգելվում է կրոնով եղբայրների միջև կանխամտածված եղբայրասպանությունը»:

Հայտարարության մեջ կոչ է արվում Ղրղզստանի բոլոր մահմեդական աստվածաբաններին և մուսուլմանական կազմակերպություններին «կատարել հակամարտող ազգերի ներկայացուցիչների միջև հաշտեցման սեփական պարտքը, արմատախիլ անել բախումների պատճառները»:

ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի անդամ Իսլամական աշխարհի լիգան հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել միջմահմեդական նախաձեռնությանը, որն ուղղված է Ղրղզստանում արյունահեղության դադարեցմանն ու հանրապետությունում ղրղզների և ուզբեկների միջև հաշտեցման հաստատմանը, գրում է «Ալ-Հայաթը»:-0-