ՌԴ և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկեցին ՌՏՀ-ն և ղարաբաղյան հակամարտությունը

11.05.2010, 15:01
ՌԴ և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկեցին ՌՏՀ-ն և ղարաբաղյան հակամարտությունը

ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովն իր ադրբեջանցի գործընկեր Սաֆար Աբիևի հետ քննարկեց երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը, տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը և Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ասվում է ադրբեջանական պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տրամադրած հաղորդագրության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Սերդյուկովն Ադրբեջան է ժամանել աշխատանքային այցով։

«Հանդիպման ընթացքում Աբիևն ասել է, որ Ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն արդյունք չեն տալիս, և այդ պատճառով պետք է ավելացնել ակտիվությունը։ Նախարարը նշել է, որ բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն հակամարտության խաղաղ կարգավորմանը, հակառակ դեպքում տարածաշրջանի իրավիճակը կարող է հասնել անցանկալի մակարդակի»,- նշվում է հաղորդագրությունում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-