Հայաստանի ԱԳՆ-ն ճշտում է Մոսկվայի մետրոյում զոհված ՀՀ քաղաքացիների տվյալները

29.03.2010, 14:34
Հայաստանի ԱԳՆ-ն ճշտում է Մոսկվայի մետրոյում զոհված ՀՀ քաղաքացիների տվյալները
Հայաստանի ԱԳՆ-ն ճշտում է Մոսկվայի մետրոյում զոհված ՀՀ քաղաքացիների տվյալները

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ԱԳՆ-ն ճշտում է Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհված և տուժած ՀՀ քաղաքացիների տվյալները, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ ԶԼՄ-ների հետ կապի բաժնի ղեկավար Տիգրան Բալայանը:

«Մենք ճշտում ենք տվյալները, քանի որ տեղեկատվություն է տարածվել, որ դատախազությունը սխալմամբ հրապարակել է 2004 թ.-ի ցուցակները: Այժմ մենք ճշտում ենք տվյալները», - ասաց Բալայանը:

2004 թ.-ին «Ավտոզավոդսկայա» և «Պավելեցկայա» կայարանների միջև գտնվող ուղեմասում վագոններից մեկում ահաբեկիչ-մահապարտ էր իրեն պայթեցրել: Պայթյունը պարզապես ցրիվ էր տվել մետրոյի գնացքի վագոնը: Այդ ժամանակ զոհվել էր 41 մարդ, վիրավորվել էր ավելի քան 250 մարդ:

Միաժամանակ Բալայանը նշել է, որ պայթյունների ժամանակ տուժածների ցուցակում կա ևս մեկ հայ:

Նախնական տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհվել է 1973 թ.-ին ծնված Հասմիկ Մելքումյանը և 1982 թ-ին ծնված Լևոն Խաչատրյանը: Տասնութամյա Համիկ Մարտիրոսյանը տեղափոխվել է Մոսկվայի թիվ 36 հիվանդանոց:

Երկուշաբթի ժամը 07:55-ին և 08:40-ին Մոսկվայի մետրոպոլիտենի երկու կայարաններում պայթյուններ են տեղի ունեցել: ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 35 մարդ, տուժել՝ 62 մարդ: Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածի (ահաբեկչական ակտ) հատկանիշներով:

Դաշնային օպերատիվ շտաբի նախնական տվյալների համաձայն՝ պայթուցիկ սարքը գործի են դրել ահաբեկիչ-մահապարտուհիները:-0-