ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները կքննարկեն արտաքին քաղաքականության մեջ համակարգման խնդիրը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արտգործնախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստը կանցկացվի հինգշաբթի Մոսկվայում, նախարարները կքննարկեն արտաքին քաղաքական ոլորտում փոխգործակցությանն առնչվող խնդիրն ու մի շարք այլ հարցեր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:
Արտգործնախարարները կքննարկեն ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրագործման ընթացքն ու կազմակերպության՝ աֆղանական ուղղությամբ իրականացրած գործունեությունը, ինչպես նաև կքննարկեն անդամ-պետությունների արտաքին-քաղաքական գործունեության համակարգմանն առնչվող հարցեր:
Նախարարները նաև կքննարկեն 2010 թ.-ին ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության շրջանակներում այդ երկրի նախաձեռնությունների աջակցմանը, ինչպես նաև համատեղ առաջնահերթությունների առաջխաղացմանն ուղղված միջոցառումները:
Արտգործնախարարների ստորագրմանը կներկայացվեն Հայրենական Մեծ Պատերազմի 65-ամյակի կապակցությամբ, Եվրոպական անվտանգության պայմանագրի ուղղությամբ իրականացվող աշխատանքում փոխգործակցության և 2010 թ.-ին Միջուկային զենքի չտարածման պայմանագրի գործողության քննարկմանը նվիրված համաժողովի անցկացման հետ կապված ՀԱՊԿ անդամ-պետությունների արտգործնախարարների հայտարարությունները:-0-