ՌԴ կարող է ՀՕՊ Ս-400 համակարգեր տեղակայել Համագործակցության երկրներում. ՌՕՈՒ շտաբի պետ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ հակաօդային պաշտպանությունը կարող է վերջին սերնդի Ս-400 համակարգեր տեղակայել Համագործակցության երկրներում, եթե քաղաքական որոշում ընդունվի, չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ՌՕՈՒ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Վադիմ Վոլկովիցկին:
«Քաղաքական ղեկավարության որոշմամբ այդ համակարգերը կարող են տեղակայվել ամենուր»,- չորեքշաբթի ասել է Վոլկովիցկին մերձմոսկովյան Էլեկտրոստալ քաղաքի ռազմատիեզերական պաշտպանության հրամանատարության միավորված համակարգի բրիգադի բազայում:
Ըստ նրա, Ս-400-ները կարող են օգտագործվել հավաքական անվտանգության միասնական համակարգի շրջանակներում և ԱՊՀ հակաօդային պաշտպանության շրջանակներում:
Գեներալը վստահ է, որ Ս-400 գերազանցում է արտասահմանյան նմանատիպ համալիրները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Իր մարտավարական տեխնիկական հատկանիշներով և զարգացման հեռանկարով կարելի է հասկանալ, որ այս համալիրը դեռ մանուկ հասակում է: Նրան մեծանալ է պետք, առնականանալ, բայց արդեն հիմա այն մտահղացումներն ու մշակումները, որ «Ալմազ-Ալթեյը» ներդնում է նրանում, թույլ են տալիս խոսել այն մասին, որ աշխարհի ոչ մի երկրում նման հնարավորություններով ու հեռանկարով համալիր չկա»,- ասել է Վոլկովիցկին: -0-