Մեդվեդևը ԱՊՀ առաջնորդներին հրավիրել է մայիսի 9-ի շքերթին և ոչ ֆորմալ հանդիպմանը

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ԱՊՀ երկրների առաջնորդներին հրավիրել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված շքերթին, որը մայիսի 9-ին կանցկացվի Մոսկվայում և այդ տոնակատարություններին նվիրված ոչ ֆորմալ հանդիպմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ես այդ ոչ ֆորմալ հանդիպմանը հրավիրել եմ ԱՊՀ երկրների առաջնորդներին, քանի որ մեր ընդհանուր տոնի նախաշեմին դա լիովին տրամաբանական է թվում»,- հինգշաբթի Համագործակցության գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպման ժամանակ ասել է նա:
Իր հերթին Լեբեդևը հայտնել է, որ այդ հանդիպման նախապատրաստությունն արդեն սկսվել է, և այն պետք է «նշանակալից իրադարձություն» լինի 2010 թ.-ին ԱՊՀ-ում ՌԴ նախագահության շրջանակներում:
Խոսելով համագործակցությունում ՌԴ նախագահության ծրագրով նախատեսվող այլ կարևոր միջոցառումների մասին՝ Լեբեդևը նշեց, որ դրանցից առաջինը տնտեսական ֆորումը կլինի Մոսկվայում մարտի 5-ին: Ըստ նրա՝ ֆորումը նվիրված լինի առաջին հերթին ՌԴ նոր նախաձեռնություններին ԱՊՀ տարածքում:
Համագործակցության գործադիր քարտուղարը հիշեցրեց, որ 2010 թ.-ին ԱՊՀ-ում Գիտության ու նորարարությունների տարի է հայտարարվել: Այս առնչությամբ գիտատեխնիկական և նորարարական համագործակցության թեման կգերակայի քննարկման ընթացքում ֆորումում:
Լեբեդևը հայտնեց նաև, որ մարտի 26-ին տեղի կունենա ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհուրդը: Բացի այդ, ծրագրվում է ԱՊՀ «կլոր սեղան» անցկացնել Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակներում:
Նա հավելեց, որ այդ «կլոր սեղանի» նիստը ծարգրվում է համատեղել ԱՊՀ Տնտեսական խորհրդի նիստի հետ, որին կժամանեն Համագործակցության երկրների՝ տնտեսության համար պատասխանատու փոխվարչապետները:
ԱՊՀ-ում ՌԴ նախագահության շրջանակներում Լեբեդևը առանցքային համարեց Հաղթանակի 65-ամյակի նախապատրաստման ու տոնման հետ կապված միջոցառումները:
Նա հիշեցրեց, որ Համագործակցության տարածքում 2010 թ.-ը հայտարարված է վետերանների տարի՝ «Մենք միասին ենք հաղթել» կարգախոսով: -0-