Ռուսաստանի հայերի միությունն ակտիվ մասնակցել է «Երկխոսություն» միջմշակութային ճամբարին

28.08.2009, 13:06
Ռուսաստանի հայերի միությունն ակտիվ մասնակցել է «Երկխոսություն» միջմշակութային ճամբարին

Ռուսաստանի հայերի միության երիտասարդ ներկայացուցիչներն ակտիվ մասնակցել են «Երկխոսություն» միջմշակութային ճամբարին, որն անցկացվել է օգոստոսի 20-ից 23-ը Կալուգայի մարզի «Էթնոմիր» կրթամշակութային կենտրոնում:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, նախագծին մասնակցել են Ռուսաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների,  Արևմտյան Եվրոպայի ոչ առևտրային կազմակերպությունների երիտասարդ ներկայացուցիչները, Ռուսաստանի բուհերի օտարերկրյա ուսանողներ:

«Երկխոսություն» ծրագրի շրջանակներում անցկացվել են տարբեր մամուլի ասուլիսներ, վարպետության դասընթացներ, որոնք նվիրված էին այլատյացության և էթնիկ ծայրահեղականության կանխարգելման հարցերին, միջմշակութային երկխոսության ամրապնդման գործում ԶԼՄ-ների դերին:

«Քննարկվել են նաև երիտասարդությանը հետաքրքրող բոլոր թեմաները և բոլոր բանավեճերի ժամանակ ընդգծվել է, որ Ռուսաստանի էթնոմշակութային բազմազանությունը երկրի գլոբալ մրցունակության գործոնն է», - ասվում է տեղեկատվության մեջ:

«Երկխոսություն» ճամբարում Ռուսաստանի հայերի միության պատվիրակությունը գլխավորել է կազմակերպության փոխնախագահ Լևոն Մանուկյանը: ՌՀՄ-ի պատվիրակներն ակտիվ մասնակցել են բանավեճերին, կլոր սեղաններին և խորհրդաժողովներին: Այդ հանդիպումների ընթացքում Միության անդամները Ռուսաստանի հայտնի լրագրողների, քաղաքագետների և քաղաքական գործիչների հետ շփվելու հնարավորություն են ունեցել:

Ինչպես Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնին տեղեկացրել են ՌՀՄ-ի մամուլի ծառայությունից, Ռուսաստանի հայերի միությունը ներկայացրել է երկու նախագիծ՝ «Ամենամյա անվանակարգ. Երկխոսություն ճամբարում արված ներդրման համար», որը ներկայացրել է Գագիկ Առաքելյանն ու «ԶԼՄ» նախագիծը, որը մշակել է Լևոն Մուքանյանը: ՌՀՄ-ն նաև մրցանակ է ստացել «Բոլորը տարբեր են, բոլորը՝ հավասար» ծրագրում ակտիվ մասնակցության համար:

Ճամբարի երեկոյան ծրագրի շրջանակներում անցկացվել են միջմշակութային էթնոխաղեր, համերգներ, տարբեր ազգության մասնակիցները ծանոթացել և շփվել են միմյանց հետ ոչ պաշտոնական մթնոլորտում: Ծրագիրն ավարտվել է փառատոնով:

«Երկխոսություն» ճամբարի կազմակերպիչներն են ՌԴ Մարզային զարգացման նախարարությունը, Կալուգայի մարզի կառավարությունը, Ռուսաստանի երիտասարդական և մանկական միավորումների ազգային խորհուրդն ու ՌԴ Հանրային պալատը:-0-