Շուրջ 7 հազար մարդ և ավելի քան 300 տանկ, զրահամեքենա և հետևազորային զրահամեքենա կմասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին

Շուրջ 7 հազար մարդ և ավելի քան 300 տանկ, զրահամեքենա և հետևազորային զրահամեքենա կմասնակցի ՀԱՊԿ անդամ-երկրների Զինված ուժերի համատեղ համալիր զորավարժությունների երրորդ փուլին, ՌԻԱ Նովոստիին հայտնեց կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչը։
Նրա խոսքերով, զորավարժությունների երրորդ փուլը կանցկացվի Ղազախստանում այս տարվա հոկտեմբերի 2-ից 15-ը։ «Վարժանքներում կընդգրկվեն մինչև 7 հազար զինածառայող, 120 տանկ, ավելի քան 200 «ԲՄՊ» տեսակի զրահամեքենա, ինչպես նաև ավելի քան 40 ինքնաթիռ և ուղղաթիռ»,- ասել է նա։
Միաժամանկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն ընդգծել է, որ «վարժանքների ընթացքում կշմակվեն արտաքին ագրեսիային հակահարված տալու խնդիրները։ ԱԱՀՈՒ կողմից նախազգուշական հարվածների կիրառում նախատեսված չէ»։
ՀԱՊԿ միավորված շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օլեգ Լատիպովը նույնպես ընդգծել է, որ նախատեսված է նաև «պայքարի ներքին ճակատի» առկայություն, այսինքն, զինվորները կմշակեն պայմանական հակառակորդի ահաբեկչական խմբերի դեմ պայքարի խնդիրներ։
Իր հերթին Սեմերիկովն ավելացրել է, որ զորավարժությունների ընթացքում հատուկ ստորաբաժանումների մասերը վերացնում են քիմիական արդյունաբերության օբյեկտներում գտնվող պայմանական ահաբեկիչներին։ Վարժանքներին կմասնակցեն նաև երկու երկրների ԱԻՆ ստորաբաժանումները։
Սեմերիկովն ավելացրել է նաև, որ վարժանքների արդյունքում կմշակվեն կոնկրետ քայլեր ԱԱՀՈՒ իրավանորմատիվային բազայի հետագա զարգացման ուղղությամբ։
ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է փետրվարի 4-ին Կրեմլում ՀԱՊԿ առաջնորդների հանդիպման արդյունքում։ -0-