Իրանը հայտ չի ներկայացրել ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու համար, բայց շարունակում է համագործակցությունը կազմակերպության հետ մի շարք ուղղություններով, hինգշաբթի «ՌԻԱ Նովոստիում» տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
«Իրանը մասնակցում է միայն մի քանի մեր օպերացիաներին, օրինակ, աֆղանական նարկոթրաֆիկի գծով, մասնակցում է շատ հաջող և ակտիվ, մեծ թվով մարդկանց է ներգրավում թմրամիջոցների այս կամ այն ուղղությունները արգելափակելու համար։ Որևէ կոնկրետ քայլ Իրանի կողմից դիտորդի կարգավիճակ ստանալու, ՀԱՊԿ կազմում ընդգրկվելու կարգի մասին հարցի ուսումնասիրում առայժմ չեմ նկատում»,- ասաց Բորդյուժան՝ պատասխանելով Իրանի՝ ՀԱՊԿ-ի հետ հնարավոր մերձեցման վերաբերյալ լրագրողների հարցին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Մարտի վերջին Ռուսաստանում Իրանի դեսպան Մահմուդ Սաջադին տեղեկացրեց, որ Իրանը հետաքրքրությամբ հետևում է ՀԱՊԿ-ի գործունեությանը։ ՀԱՊԿ կազմում են Ռուսաստանը, Ղազախստանը, Հայաստանը, Բելոռուսը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ -0-