Ռուսաստանի հայերի միությունը խնդրում է հանել «Ռուբիկ Ամենազորը» հեռուստահաղորդումը Ռուսաստանի Առաջին ալիքի եթերից

Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) Միության երիտասարդների անունից նամակ է հղել «Առաջին Ալիք» ԲԲԸ գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստին ՝ Առաջին ալիքի եթերից «Ռուբիկ Ամենազորը» («Рубик Всемогущий») հաղորդումը հանելու խնդրանքով:
«Կիրակի երեկոյան՝ 2009 թ.-ի օգոստոսի 2-ին, Առաջին ալիքի եթերում տեղի է ունեցել «Ռուբիկ Ամենազորը» հեռուստատեսային ամենշաբաթյա շոուի պրեմիերան, որի ընթացքում ռուս հանդիսատեսին ներկայացվել է «տարօրինակ» հայկական ընտանիքի զավեշտալի կերպարը: Հաղորդումը հրապարակվել է որպես երգիծական, սակայն այն Ռուսաստանի հայ երիտասարդների շրջանում առաջացրել է ոչ թե ծիծաղ, այլ բնական զայրույթ», - ասվում է տեղեկատվության մեջ:
ՌՀՄ-ն կարծում է, որ այս ծրագիրը ոչ միայն չի համապատասխանում Առաջին ալիքի բարձր մակարդակին, այլև ռուս երիտասարդության շրջանում օտարատյացության կանխարգելման քարոզչության պետական հայեցակարգին:
«Երիտասարդության տարվա ընթացքում, երբ ՌԴ նախագահը կոչ է անում մեզ՝ անմասն չմնալ տեղի ունեցող իրադարձություններից և ավելի ակտիվ մասնակցել քաղաքացիական հասարակության ձևավորմանը, դիմում եմ Ձեզ «Ռուսաստանի հայերի միություն» համառուսական հասարակական կազմակերպության երիտասարդության անունից՝ հետագայում եթերից այդ ծրագիրը հանելու խնդրանքով», - ասվում է տեղեկատվության մեջ:-0-