Ռուսաստանցի Բերտա Փուզյանը հաղթել է Սևաստոպոլում անցկացված միջազգային էստրադային փառատոնում

31.07.2009, 13:35
Ռուսաստանցի Բերտա Փուզյանը հաղթել է Սևաստոպոլում անցկացված միջազգային էստրադային փառատոնում

Լենինգրադի մարզի Օտրադնոյե քաղաքի բնակչուհի, 13-ամյա Բերտա Փուզյանը հաղթել է հուլիսին Սևաստոպոլում անցկացված «Պոնտական հարթակ» միջազգային փառատոնում, հաղորդում է analitika.at.ua ինտերնետ-հրատարակությունը:

Հրատարակության տվյալների համաձայն՝ երիտասարդ երգչուհին եկել էր Սևաստոպոլ ոչ թե մրցույթին մասնակցելու, այլ ծնողների հետ հանգստանալու համար: Տեսնելով փառատոնի մասին ազդարարող ազդագրերը՝ Բերտան որոշել է փորձել իր ուժերը:

Փառատոնի ընթացքում իրենց տաղանդով փայլում էին 15 երկրները ներկայացնող 8- 18 տարեկան հարյուրավոր մասնակիցներ: Միջազգային ժյուրիի կազմում էին Մոսկվայի և Կիևի կոնսերվատորիաների մի քանի պրոֆեսորներ, ինչպես նաև արտասահմանյան փորձագետներ:

Բերտան զարմացրել է հեղինակավոր ժյուրիին հին հայկական երգի ակապելլա տարբերակի կատարմամբ: Միաժամանակ պատանի երգչուհին արժանացել է ոչ միայն առաջին տեղի, այլև Կիևի կոնսերվատորիայում, Ռադիոյի և հեռուստատեսության ակադեմիայում ուսանելու հրավերներ է ստացել: Ռուսաստանի թատերաարվեստի պետական ինստիտուտի (ГИТИС) դոցենտ, ժյուրիի նախագահ Մարինա Պոլտևան անձամբ հրավիրել է երգչուհուն ուսանել Թատերաարվեստի պետական ինստիտուտում:

Չնայած երիտասարդ տարիքին՝ երաժշտական բեմում Բերտան նորեկ չէ: Նա բազմիցս հաղթանակներ է տարել բազմաթիվ տարածաշրջանային և ռուսական փառատոներում: Մասնավորապես՝ հունիսին երիտասարդ երգչուհին զբաղեցրել է առաջին տեղը Վիբորգում անցկացվող էստրադային երգի մրցույթում, իսկ մայիսին՝ «Երաժշտական հովանոցներ» ուկրաինական մրցույթում:-0-