Հարավային Օսեթիայի նախագահը բացառում է նոր ագրեսիան Վրաստանի կողմից
Հարավային Օսեթիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին բացառում է նոր ագրեսիան Վրաստանի կողմից իր հանրապետության նկատմամբ՝ համարելով, որ դրա երաշխիքը ՌԴ-ի հետ կնքած համաձայնագիրն է։
Օգոստոսի 8-ի գիշերը վրացական զորքը հարձակվել էր Հարավային Օսեթիայի վրա և ավերել մայրաքաղաք Ցխինվալիի մի մասը։Ռուսաստանը, պաշտպանելով խաղաղ բնակիչներին, որոնցից շատերը ընդունել էին ՌԴ քաղաքացիություն, զորք էր մտցրել հանրապետություն և հինգ օր տևած ռազմական գործողություններից հետո դուրս էր հանել վրացական զինվորականներին տարածաշրջանից։
«Նկատի առնելով այն համաձայնագրերը, որոնք ստորագրվել են ՌԴ-ի հետ, ես ցանկանում եմ դիմել իմ հայրենակիցներին, որ իրավիճակը նորմալ կլինի։ Ես տվյալ պահին բացառում եմ որևէ ագրեսիա Վրաստանի կողմից։ Որովհետև կարելի է զինել։ Բայց մյուս կողմից մենք քաջ գիտակցում ենք այն մարդկանց բարոյահոգեբանական ոգին, ովքեր փախել են Հարավային Օսեթիայից»,- ասաց նա ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Կոկոյտիի խոսքերով՝ Վրաստանը ներկայումս ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Ուկրաինայի, Իսրայելի և այլ պետությունների օգնությամբ արագ լրացրել է իր ռազմական ներուժը, որը նվազել էր 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած պատերազմից հետո։
«Այսօր վրացական բանակն ավելի լավ է սպառազինված, քան 2008 թվականի օգոստոսից առաջ։ Կանոնավոր կերպով վարժանքներ են իրականացվում ՆԱՏՕ-ի հետ և այնտեղ են ուղղվում ՆԱՏՕ-ի երկրների և ԱՄՆ-ի մասնագետները։ Նկատի առնելով 2008թ. իրադարձությունները՝ մենք նույնպես համապատասխան քայլեր ենք ձեռնարկում։ Դա չի նշանակում, որ մենք զինվում ենք, այլ պարզապես հետևություն ենք անում օգոստոսյան դեպքերից»,- ասաց նա։
«Իսկ պատերազմների և ռազմատենչ հայտարարությունների մեծ սիրահարին, այդ միջազգային հանցագործին ես պարզապես խորհուրդ կտայի զգույշ լինել շրջադարձերին։ Եվ, նկատի առնելով նրա վարքը, Վրաստանում մեծ է հոգեբուժարանների պակասը»,- հավելեց Կոկոյտին։ -0-