Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարն անձամբ է վերահսկում Դնեպրոպետրովսկի մարզի Մարգանեց քաղաքի իրադրությունը

08.07.2009, 19:20
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարն անձամբ է վերահսկում Դնեպրոպետրովսկի մարզի Մարգանեց քաղաքի իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/.  Ուկրաինայի ներքին գործերի առաջին փոխնախարար Միխայիլ Կլյուևը նախօրեին Ուկրաինայում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանի հետ քննարկել է հունիսի 28-ին Դնեպրոպետրովսկի մարզի Մարգանեց քաղաքում ստեղծված կոնֆլիկտային իրավիճակը, տեղեկացնում է analitika.at.ua ինտերնետ-հրատարակությունը։

«Մենք այս դեպքը որպես կենցաղային խնդիր ենք դիտարկում։ Ցանկանում եմ ընդգծել, որ վնասված բոլոր ավտոմեքենաները պատկանում են քաշքշուկի մասնակիցներին»,- ասել է Կլյուևը։

Նա հավաստիացրել է, որ հայկական համայնքի բնակիչների բնակության շրջանում իրավիճակը վերահսկում են ոստիկանության ստորաբաժանումները, իսկ այս քրեական գործերի հետաքննության ընթացքը նախարար Յուրի Լուցենկոյի անձնական վերահսկողության տակ է։ Բոլոր մեղավորներն, ըստ Կլյուևի, պատիժ կկրեն։

2009 թ.-ի հունիսի 29-ին, Մարգանեցի միլիցիայի քաղաքային բաժին ստացվել է հաղորդագրություն այն մասին, որ տեղական սրճարաններից մեկում կռիվ է ծագել: Անհապաղ դեպքի վայր է ժամանել քննիչ-օպերատիվ խումբը:  Պարզվել է, որ սրճարանում հանգստացել են տեղի բնակիչների երկու խումբ, որոնց կազմում եղել են նաև Ուկրաինայի հայազգի բնակիչներ: Հանկարծ նրանց միջև կենցաղային բնույթի վեճ է ծագել, որը կամաց-կամաց կռվի է վերածվել: Պարեկային ծառայության տեսուչ միլիցիայի 22-ամյա սերժանտ Սերգեյ Բոնդարենկոն, ով ծառայողական պարտականությունները կատարելիս չի եղել, փորձել է հանգստացնել վիճաբանող կողմերին: Խառնաշփոթի ժամանակ հայազգի մասնակիցը դանակով մահացու վնասվածք է հասցրել միլիցիայի աշխատակցին ուղիղ սրտի մեջ: Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ Ուկրաինայի ՔՕ 115 հոդվածի առաջին մասով «Դիտավորյալ սպանություն»/:

Միաժամանակ բժշկական հաստատության շենքի մոտ են ժամանել տուժածների հարազատներն ու ծանոթները, որոնց միջև ծագել է հերթական վեճը, որն ուղեկցվել է խուլիգանական դրսևորումներով: Մասնավորապես, վնասվել է 5 մեքենա: Հաղորդագրության համաձայն, հասարակական կարգի խմբակային խախտումները կասեցնելու նպատակով, իրավապահ մարմինները համապատասխան նախազգուշական-կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկում:-0-