Հայաստանը Մոսկվայում մասնակցել է միջմշակութային երկխոսության թեմայով համաժողովին

Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են հինգշաբթի Մոսկվայում կայացած «Միջմշակութային երկխոսություն. ԱՊՀ տարածքում հումանիտար համագործակցության զարգացման համակարգաստեղծ գործոն» միջազգային համաժողովին:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ԱՊՀ անդամ-երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամուլի քարտուղար Ալեքսանդր Կալուգինը, Հայաստանը համաժողովին ներկայացրել են ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան խորհրդական Մարիա Բաբայանը, ՀՀ Արդարադատության խորհրդի ու Հանրային խորհրդի անդամ, ՀՀ-ում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր Գրիգորի Բադերյանը, Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը:
«Սա առաջին համաժողովն է տվյալ թեմայով ԱՊՀ շրջանակներում՝ կազմակերպված ՀՀՄՀ կողմից ՌԴ ԱԳՆ, ՌԴ կրթության ու գիտության նախարարության, Մշակույթի նախարարության, Ռուս համագործակցության և ՌԳԱ-ի, ինչպես նաև իրենց ներկայացուցիչներին համաժողովին ուղարկած ԱՊՀ երկրների նախարարությունների ու գերատեսչությունների աջակցությամբ»,- նշեց Կալուգինը:
Համաժողովը բացեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Լիագումար նիստի ժամանակ հանդես եկան ՌԴ նախագահի օգնական, ԱՊՀ անդամ-երկրների հումանիտար համագործակցության խորհրդի նախագահ Ջահան Պոլիևան, Ղազախստանի գիտության ու կրթության նախարար, ՀՀՄՀ կառավարման նախագահ Ժանսեիտ Տույմեբաևը, ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ, ՀՀՄՀ վարչության համանախագահ Միխայիլ Շվիդկոյը: Ելույթ են ունեցել նաև անվանի փորձագետներ Ադրբեջանից, Հայաստանից, Ղազախստանից, Տաջիկստանից և Ուկրաինայից:
Համաժողովին նշվեց, որ վերջին տարիներին ԱՊՀ տարածքում մի շարք նոր իրողություններ են հայտնվել, այդ թվում՝ պետական մարմինների ու հասարակայնության ժամանակին արված վերլուծությունը, արձագանքն ու համատեղ աշխատանքը պահանջող մարդասիրական բնույթի իրողություններ: Հենց այդ պատճառով համաժողովի թեմաներն էին. Միջմշակութային երկխոսությունը կրթության ու գիտության միջոցով, Համագործակցության երկրների ընդհանուր մշակութային ժառանգության պահպանումն ու զարգացումը, դրանք երիտասարդներին հասանելի դարձնելն ընդլայնելը, ինչպես նաև համապատասխան իրավական բազայի կատարելագործումը:
Համաժողովի ամփոփիչ բանաձևում դրա մասնակիցները հանդես եկան ԱՊՀ-ում Մարդասիրական թեմայով տարիների անցկացման շարունակման օգտին (ԱՊհ պետությունների ղեկավարների որոշմամբ 2008 թ.-ը Համագործակցությունում գրականության ու ընթերցանության տարի էր, իսկ 2009 և 2010 թթ.-ը, համապատասխանաբար, հայտարարվել են Երիտասարդության տարի և Գիտության ու նորարարությունների տարի): Աջակցություն են ստացել նաև ԱՊՀ երկրների մշակութային ժառանգության հատուկ նշանակության օբյեկտների рեեստրի ստեղծման, երիտասարդական համագործակցության ընդլայնման, ակադեմիական և ուսանողական շարժունակության զարգացման, դասագրքերի ու մանկավարժների վերապատրաստման ծրագրերի մշակման և այլ առաջարկությունները:--0--