Ընդդիմության ակտիվիստը ձերբակալվել է դանակահարության համար. Վրաստանի ՆԳՆ

17.06.2009, 14:46
Ընդդիմության ակտիվիստը ձերբակալվել է դանակահարության համար. Վրաստանի ՆԳՆ

Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են ոչ խորհրդարանական ընդդիմության ակտիվիստ, 28-ամյա Լեվան Գոգիչաիշվիլիին՝ Թբիլիսիի բնակիչ, 18-ամյա Դավիթ Լեժավային դանակահարելու համար, հաղորդում է «Նովոստի-Գռուզիա» գործակալությունը՝ հղում անելով ՆԳՆ-ին։

Վեճը Գոգիչաիշվիլիի և Լեժավայի միջև, որի արդյունքում վերջինս վիրավորվել է սառը զենքով, տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Լեժավան հունիսի 8-ին վերադառնալիս է եղել ոչ խորհրդարանական ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Իրակլի Բաթիաշվիլիի դստեր ծննդյան տոնից։

Գոգիչաիշվիլիին կներկայացվի մեղադրանք Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի առաջին մասով՝ «կյանքի համար վտանգավոր կամ տեսողության, լսողության, խոսքի օրգանների ֆունկցիաների կորուստ, հոգեկան հիվանդություն, հղիության դադարեցում, դեմքի անուղղելի վնասվածք կամ կյանքի համար վտանգավոր և ընդհանուր աշխատունակության մեկ երրորդի կամ ամբողջական կորստի պատճառ հանդիսացող դիտավորությամբ մարմնական վնասվածքներ հասցնելը»։

Նմանատիպ հանցագործությունը պատժվում է 3-5 տարի ազատազրկմամբ։ -0-