ՀԱՊԿ-ն Կենտրոնական Ասիայում մեծ զորամիավորում է ստեղծում. թերթ

29.05.2009, 10:32
ՀԱՊԿ-ն Կենտրոնական Ասիայում մեծ զորամիավորում է ստեղծում. թերթ
ՀԱՊԿ-ն Կենտրոնական Ասիայում մեծ զորամիավորում է ստեղծում. թերթ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում Կենտրոնական Ասիայում զանգվածային զորամիավորում ստեղծելու գաղափարը, որը ծնվել էր չորս տարի առաջ, մոտ է կյանքի կոչմանը, ուրբաթ գրում է «Կոմերսանտ» թերթը։

Կենտրոնական Ասիայի հզոր ռազմական խմբավորումը պետք է լրացնի ՀԱՊԿ-ի շրջանակներում արդեն գործող ռուս-բելառուսական և ռուս-հայկական խմբավորումները։ Հրատարակության տվյալներով՝ այս կապակցությամբ ՀԱՊԿ քարտուղարությունն արդեն պատրաստել է փաստաթղթերի համապատասխան նախագծերը, որոնք այժմ պետք է համաձայնեցվեն Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարությունների հետ։ Այս ծրագրերն ամբողջովին համապատասխանում են ՀԱՊԿ-ի ռազմական հզորության ամրապնդման և այն ՆԱՏՕ-ի նմանակին վերածելու վերաբերյալ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կարգադրություններին։

Միաժամանակ, ինչպես հիշեցնում է թերթը, Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ժամանակ, որը ծրագրված է հունիսի 14-ին Մոսկվայում, ՀԱՊԿ երկրների նախագահները պետք է ստորագրեն Կազմակերպության շրջանակներում Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) ստեղծման մասին համաձայնագիրը, որոնց ձևավորման մասին որոշումը «յոթնյակն» ընդունել է փետրվարի 4-ին։

ԱԱՀՈՒ-ի հիմնական մասը բաղկացած է լինելու ռուս զինվորականներից։ Մոսկվան պատրաստ է տրամադրել օդա-դեսանտանային դիվիզիա և դեսանտա-գրոհային բրիգադ (շուրջ 8 հազ. զինծառայող)։ Ղազախստանը ԱԱՀՈՒ-ի կազմում ներկայացված կլինի դեսանտա-գրոհային բրիգադով (մինչև 4 հազ. զինծառայող), մյուս դաշնակիցները կսահմանափակվեն գումարտակներով։-0-