Կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր կքննարկեն ԱՊՀ փորձագետները
Կոռուպցիային հակազդելու ոլորտում ԱՊՀ մասնակից-պետությունների համագործակցության մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցման փորձագիտական խմբի նիստը տեղի կունենա մայիսի 26-27-ը Մինսկում գտնվող ԱՊՀ Գործադիր կոմիտեում, հաղորդում է ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։
Համաձայնագրի նախագիծը մշակված է ԱՊՀ Հետագա զարգացման հայեցակարգի իրականացմանն ուղղված Հիմնական միջոցառումների ծրագրի և 2008-2010թթ.-ին հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցների միջպետական ծրագրի իրագործման նպատակով։ Այս տարվա մարտին կայացած նախորդ փորձագիտական նիստի ժամանակ Հանաձայնագրի նախագիծը հիմնականում համաձայնեցվել է։
Փաստաթղթում ամրագրված են համագործակցության նպատակները, խնդիրները, ուղղություններն ու ձևերը, իրավանորմատիվային հիմքի ձևավորման, տեղեկատվության փոխանակման և հայցերի կատարման սկզբունքները, ինչպես նաև կոռուպցիոն միջոցներով ստացված եկամուտների բռնագրավմանն առնչվող հարցերը։
Ծրագրվում է, որ Համագործակցության երկրները միմյանց իրավական օգնություն կցուցաբերեն կոռուպցիայի իրավախախտումների վերաբերյալ գործերի ժամանակ, կանցկացնեն համատեղ միջոցառումներ, կհամագործակցեն կոռուպցիոներների ակտիվների հետախուզման և վերադարձման գործում, կփոխանակեն օպերատիվ տեղեկատվություն, նորմատիվային փաստաթղթեր, կմշակեն համապատասխան ծրագրեր, կանցկացնեն կադրերի նախապատրաստում և որակավորման բարձրացում։
Փաստաթղթում անդրադարձ չի կատարվի ԱՊՀ յուրաքանչյուր երկրի իրավունքներին և պարտականություններին, որոնք ելնում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից են հանդիսանում տվյալ երկրները։ Ուժի մեջ մտնելուց հետո Համաձայնագիրը բաց կլինի ԱՊՀ յուրաքանչյուր մասնակից-պետության համար, որը կիսում է Համաձայնագրի նպատակներն ու սկզբունքները։-0-