ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպումը Պրահայում մայիսի 7-ին կառուցողական էր ու օգտակար, Մոսկվայում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն։
«Հենց իրենց՝ նախագահների գնահատմամբ, հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում և արդյունավետ էր։ Սա երկու նախագահների արդեն 4-րդ հանդիպումն էր վերջին 11 ամսում»,- ասել է Նեստերենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա կարծիքով՝ չափազանց կարևոր է, որ այս երկկկողմ գագաթնաժողովներն անցկացվեն կանոնավոր կերպով յուրաքանչյուր երեք ամիսը մեկը։
«Թեև Պրահայում չհաջողվեց համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավորման որոշ հիմնական սկզբունքներին վերաբերող առայժմ չլուծված հարցեր, այդուհանդերձ կարելի է ասել, որ յուրաքանչյուր հանդիպման հետ կողմերի տարաձայնությունների շրջանակը զգալիորեն սեղմվում է, իսկ փոխըմբռնման աստիճանը՝ աճում»,- ավելացրեց դիվանագետը։ -0-