Անկարայում ՌԴ դեսպանատունը հինգշաբթի հանդես է եկել հայտարարությամբ, որում հերքել է մի շարք թուրքական ԶԼՄ-ներում հրապարակված լուրերն այն մասին, թե Ռուսաստանն, իբրև թե, նպատակաուղղված գործողություններ է իրականացնում թուրք-ադրբեջանական հարաբերությունները խզելու նպատակով։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հինգշաբթի մի շարք թուրքական հրատարակություններ հաղորդել են, որ ռուսական կողմը փորձել է Ադրբեջանի իշխանությունների առջև վարկաբեկել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացը՝ կապված Շվեյցարիայում երկու տարի անցկացվող երկկողմ կապերի կարգավորմանն ուղղված թուրք-հայկական բանակցությունների հետ։
«Մենք սկզբունքայնորեն հանդես ենք գալիս և գործնական պլանում աջակցում ենք քաղաքական երկխոսության առաջխաղացմանը, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև փոխընդունելի հիմքի վրա գոյություն ունեցող խնդիրների լուծմանը։ Այս համատեքստում Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում միջազգային դիտորդի կարգավիճակում հետևողական քաղաքական-դիվանագիտական ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Մենք նաև բարձր ենք գնահատում տարածաշրջանի երկրների հետ ակտիվ փոխգործակցությունը թուրքական՝ Կովկասում կայունության և համագործակցության պլատֆորմի ստեղծման նախաձեռնության շրջանակներում», - ասվում է ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ «Ռուսաստանը հետևողական արտաքին քաղաքականություն է վարում, որն ուղղված է Անդրկովկասում կայունության և հանդարտության մթնոլորտի ամրապնդմանը՝ անվտանգության կայուն ճարտարապետության ստեղծման և տարածաշրջանը քաղաքական ու ռազմական մրցակցության հարթակի վերածելու թույլ չտալու նպատակով»։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ռուսաստանը երկկողմ ռեժիմում և ձևավորված միջազգային մեխանիզմների հիման վրա կաջակցի իր համար կենսական կարևորություն ունեցող կովկասյան տարածաշրջանում տարաձայնությունների հաղթահարմանն ու վստահության ամրապնդմանը։
Հինգշաբթի ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևանում լրագրողներին հայտարարել էր, որ Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ։
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993թվից։
Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատման համար մի շարք նախապայմաններ է առաջ քաշում, մասնավորապես, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարում, երբ սրի էր հանվել շուրջ մեկուկես միլիոն հայ։ Բացի այդ, Թուրքիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում զբաղեցնում է ադրբեջանամետ դիրքորոշում։ Պաշտոնական Երևանն իր հերթին հայտարարում է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների։
Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը հինգշաբթի լրագրողներին հայտարարել էր, որ պաշտոնական Անկարան կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք նորմալացմանը։-0-