Մեդվեդևը Ալիևի հետ կքննարկի տնտեսությունը, էներգետիկան և ղարաբաղյան հակամարտության կարգավորումը

16.04.2009, 11:44
Մեդվեդևը Ալիևի հետ կքննարկի տնտեսությունը, էներգետիկան և ղարաբաղյան հակամարտության կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակկքննարկի տնտեսության, էներգետիկայի զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես, ադրբեջանական բնական գազի վաճառքի շուկայի ընդլայնումը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրն ու Կասպից ծովի կարգավիճակը, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Կրեմլի աղբյուրը։

Ալիևը ՌԴ նախագահի հրավերով երկօրյա աշխատանքային այցով կայցելի Ռուսաստան։ Կողմերն անցած տարվա հուլիսին Մեդվեդևի՝ Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակներում ստորագրել են երկու երկրների բարեկամության և ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը։

«Առաջնահերթ ուղղություն է շարունակում մնալ դինամիկ զարգացող առևտրատնտեսական համագործակցությունը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Անցած տարի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է 2,4 միլիարդ դոլարի, ինչը 39 տոկոսով ավել է 2007թ.-ի համեմատ։ Հանրապետությունում աշխատում են ռուսական այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են ԼՈՒԿՈՅԼ-ը, ԿԱՄԱԶ-ը, ԳԱԶ-ը, «ՌԵՈՒ» ԲԲԸ-ն, ՌՈՍՆՈ-ն, Կիրովսկի գործարանը։

«Օրակարգում ներառված է փոխգործակցության նոր հեռանկարային ուղղությունների, մասնավորապես, ադրբեջանական բնական գազի վաճառքի շուկայի ընդլյանման հետ կապված հարցերի քննարկումը», - ավելացրել է գործակալության զրուցակիցը։

Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում հեռանկարային թեմաներից մեկը միջազգային և տարածաշրջանային հարցերի քննարկումը կդառնա։

«Կենտրոնական թեմաներից մեկը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա հիշեցրել է, որ անցած տարվա նոյեմբերի 2-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ կողմերը հաստատել են հակամարտության քաղաքական կարգավորմանը հետամուտ լինելը։

«Ռուսաստանը (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ) շարունակում է աջակցությունը կողմերի փոխզիջումային պայմանավորվածության տարբերակների որոնման գործում», - ասել է աղբյուրը։ Նրա խոսքերով, երկու երկրների նախագահները կքննարկեն նաև հումանիտար ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացումը։-0-