Ադրբեջանի նավթաքիմիական արդյունաբերության մեջ անկում է գրանցվում. փորձագետներ
Ադրբեջանի արդյունաբերության նավթաքիմիական հատվածում ընթացիկ տարվա հունվար-փետրվարին արտադրության կտրուկ անկում է գրանցվել, ասվում է ուրբաթ ադրբեջանական Աջակցություն տնտեսական նախաձեռնություններին միավորման կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։
Տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի Վիճակագրության պետական կոմիտեի նշված ժամանակաշրջանի տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ երկրում արդյունահանվել է 7,3 միլիոն տոննա չմշակված նավթ և 3,1 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, ինչը, համապատասխանաբար, 3,6 և 1,2 տոկոսով պակաս է՝ 2008 թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ։ Նույն ժամանակահատվածում քիմիական արդյունաբերության արտադրանքի արտադրությունը կրճատվել է 75 տոկոսով, նավթամշակումը՝ 11 տոկոսով, իսկ էլեկտրաէներգիայինը՝ 11,2 տոկոսով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Վերլուծության բաժնում, որը վերաբերում է շինարարական և մետաղագործական հատվածներում տիրող իրավիճակին, նշվում է, որ հաշվետու ժամանակաշրջանում պողպատի արտադրությունը նվազել է 28 տոկոսով, սև մետաղներից մետաղալարերի և ճոպանի արտադրությունը՝ 93 տոկոսով, սակայն չուգունի հալման ոլորտում 91 տոկոս աճ է գրանցվել։
Ցեմենտի արտադրությունը նվազել է 6,5 տոկոսով, բետոնինը՝ 19 տոկոսով, բետոնե շինարարական բլոկներինը՝ 93 տոկոսով, ցեմենտից պատրաստված շինարարական կոնստրուկցիաների արտադրությունը՝ 39 տոկոսով, 16,5 և 6,5 տոկոսով աճել է աղյուսի և կրի արտադրությունը։
Տեղեկատվության մեջ նշվում է նաև, որ հաշվետու ժամանակաշրջանում Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը կազմել է 3,4 տոկոս՝ 2008 թ.-ի հունվար-փետրվար ամիսների համեմատ՝ հասնելով 3,9 միլիարդ մանաթի (շուրջ 4,86 միլիարդ դոլար ընթացիկ փոխարժեքով)։-0-