Ջիգարխանյանը դասվել է «Ռուսաստանի լավագույն մարդիկ-09» համառուսական հանրագիտարանի անհատների թվին

31.03.2009, 18:15
Ջիգարխանյանը դասվել է «Ռուսաստանի լավագույն մարդիկ-09» համառուսական հանրագիտարանի անհատների թվին
Ջիգարխանյանը դասվել է «Ռուսաստանի լավագույն մարդիկ-09» համառուսական հանրագիտարանի անհատների թվին

Հայազգի հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանը դասվել է «Ռուսաստանի լավագույն մարդիկ-09» համառուսական հանրագիտարանի անհատների թվին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Սպեց-Ադրես» հրատարակչությունից։

Հանրագիտարանը լույս է տեսնում «Սպեց-Ադրես» հրատարակչության ու հավաքական համահեղինակների համատեղ աշխատանքի շնորհիվ։ Հավաքական համահեղինակներն են բոլոր մակարդակների գործադիր ու օրենսդիր իշխանությունների մարմինները, հասարակական, գիտական ու պրոֆեսիոնալ կազմակերպությունները, գործարար շրջանակների ընկերակցությունները, ձեռնարկությունների ղեկավարները։

Նրանք ընդգրկված են «Ռուսաստանի լավագույն մարդիկ» հանրագիտարանին կից փորձագիտական խորհրդում։ Հենց հարգարժան գործընկերների խորհրդով է, որ խմբագրությունը ՌԴ ողջ տարածքով ակտիվորեն որոնում է վաստակավոր քաղաքացիների ու հաջողակ կազմակերպություններ։  

«Արդյունքում հաջողակ, վաստակավոր և այս իմաստով Ռուսաստանի լավագույն մարդկանց ամենամյա «կտրվածք» է ստացվում։ Նախագիծն անցել է ժամանակի փորձաշրջանը. գիրքը հրատարակվում է արդեն տասը տարի։ Շուտով լույս կտեսնի «Ռուսաստանի լավագույն մարդիկ» հանրագիտարանի 11-րդ հատորը, որը ամփոփում է 2008 թ.-ի արդյունքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։  

«Արմեն Ջիգարխանյանի անունը քաջածանոթ է Ռուսաստանում և իր հայրենի Հայաստանում։ Նա կինոյի և թատրոնի միլիոնավոր երկրպագուների սիրելին է։ Մեզ՝ նրա ժամանակակիցներիս համար, նա պարզապես դերասան չէ, այլ կենդանի լեգենդ»,- նշեցին հրատարակչությունում։  

Եղել է մի ժամանակ, երբ մեծ դերասանը կտրվել է ԹԱՊԻ հարցազրույցից. դասախոսներին դուր չի եկել նրա շեշտադրությունը։ Վերադառնալով հայրենի քաղաք՝ աշխատանքի է ընդունվել «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես օպերատորի օգնական։ Ավելի ուշ ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ (Արմեն Գուլակյանի խումբ)։

Բեմական գործունեությունը Ջիգարխանյանն սկսել է դեռևս ուսանող տարիներից։ Երևանի Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամատիկական թատրոնում աշխատող ծանոթ դերասանը խնդրել էր «փոխարինել» իրեն։ Ջիգարխանյանը համաձայնել էր։ Գուսևի մոտիվներով «Իվան Ռիբակով» ներկայացման իր դերը կազմված էր ընդամենը 4 բառից, որոնք նա հիշելու էր ամբողջ կյանքի ընթացքում... Մեկ ամիս անց նրան հաստիք ձևակերպեցին։ Ռուսական դրամատիկական թատրոնում նա աշխատեց 13 տարի։

1991-1996 թթ.-ին Արմեն Ջիգարխանյանը դերասանական վարպետություն է դասավանդել ԿՀՊԻ-ում, իսկ 1996 թ.-ին ստեղծել իր՝ Մոսկվայի դրամատիկական թատրոնը։ Դերասանական խմբի հիմքում իր աշակերտներն են, ԿՀՊԻ-ի ուսանողները։   

Այսօր Արմեն Ջիգարխանյանը շարունակում է ակտիվ ստեղծագործական գործունեություն ծավալել։ 2000 թ.-ին նա Ի. Սմակտունովսկու 75-ամյակին նվիրված «20-րդ դարավերջի արտիստ» միջազգային թատերահեռուստատեսային փառատոնի դափնեկիր դարձավ և ժյուրիի կողմից ռուսական թատրոնի «Ոսկե դիմակ» հատուկ մրցանակին արժանացավ, իսկ 2008 թ.-ին Հայաստանում մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար նրան ամենամյա «Կարոտ» մրցանակը շնորհվեց։ -0-