Հայտնի ապրանքանիշերը մաքսանենգ ճանապարհով Ռուսաստան են ներկրել 14 հազ. տոնա ցեյլոնական թեյ. ՆԳՆ

24.03.2009, 14:05
Հայտնի ապրանքանիշերը մաքսանենգ ճանապարհով Ռուսաստան են ներկրել 14 հազ. տոնա ցեյլոնական թեյ. ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ ՆԳՆ-ին առընթեր քննչական կոմիտեն քննում է ավտոտրանսպորտի միջոցով Շրի-Լանկայից Ֆինլանդիայով դեպի Ռուսաստան ավելի քան 16 միլիոն դոլարի թեյի մաքսանենգ մատակարարման  քրեական գործը, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրել է քննչական կոմիտեի պետի տեղակալ Օլեգ Լոգունովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Երկու տարվա ընթացքում Ռուսաստան է մատակարարվել թեյով բեռնված ավելի քան 500 կոնտեյներ՝ ավելի քան 14 հազար տոնա քաշով։ Մաքսանենգության հետ կապված են ՌԴ տարածքում առևտրով զբաղվող թեյի հայտնի ապրանքանիշերով ընկերությունները», -  ասել է Լոգունովը։

Նա տեղեկացրել է, որ մաքսանենգ թեյի մատակարարումն իրականացվել է հիմնական երեք ընկերությունների՝ «Լագունա», «Չայնայա Վերշինա», «Անդի» ընկերություններին հասցեագրված կեղծ պայմանագրերով։

Ընդհանուր առմամբ վերջին տարիներին թեյի մեծ մասը Ռուսաստան է մատակարարվում մաքսանենգ ճանապարհով, ավելացրել է Քննչական կոմիտեի պետի տեղակալը։-0-