ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղի գծով համանախագահները հինգշաբթի երեկոյան կժամանեն Ադրբեջան, ուրբաթ նրանք ադրբեջանական պաշտոնատար անձնանց հետ խորհրդատվություններ կանցկացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հայ-ադրբեջանական կարգավորման բազային սկզբունքների առնչությամբ, «ՌԻԱ Նովոստիին» է հայտնել Ադրբեջանի ԱԳՆ աշխատակիցը։
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա)։
Համանախագահները հանդիպումներ կունենան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ. մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչև այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-