Եվպատորիայում պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 27-ի. հեռուստատեսություն

26.12.2008, 13:46
Եվպատորիայում պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 27-ի. հեռուստատեսություն

Եվպատորիայում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 27-ի, որոնց թվում երեք երեխա կա, ուրբաթ հաղորդում է Ուկրաինայի «5-րդ ալիքը»։ Ավելի վաղ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում էր 26 զոհերի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«5-րդ ալիքի» տվյալներով, փրկվել է 21 մարդ։ Փրկարարները խոստանում են ամբողջովին մաքրել շինարարական կառույցների բեկորները մինչև ուրբաթ օրվա կեսօր, ավելի վաղ նրանք խոստացել էին դա անել մինչև նույն օրվա առավոտ։

Ուկրաինայի հանգստավայր Եվպատորիա քաղաքում հինգհարկանի բնակելի շենքում հզոր պայթյուն է տեղի ունեցել դեկտեմբերի 24-ի երեկոյան։ Հիմնական վարկածի համաձայն, պայթել են թթվածնով բալոններ։

Հինգշաբթի ողբերգության վայրում են եղել նախագահ Յուշչենկոն և վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:

Կառավարությունը որոշել է մոտ 9 մլն դոլար հատկացնել տուժածներին։ Յուշչենկոն խոստացել է, որ փլուզված տան բնակիչները նոր բնակարաններ կստանան մինչև Նոր տարի։ Տիմոշենկոն իր հերթին տեղեկացրել է, որ արդեն գտնվել է բնակելի շենք Եվպատորիայի կենտրոնում, որտեղ տուժածների համար պետական միջոցներով բնակարաններ ձեռք կբերվեն։ Ուկրաինայում այսօր սուգ է հայտարարվել պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։-0-