Ռուս հինգ ֆուտբոլիստներ հավակնում են ընդգրկվել ՈՒԵՖԱ-ի 2008 թ.-ի հավաքականի կազմում

09.12.2008, 13:46
Ռուս հինգ ֆուտբոլիստներ հավակնում են ընդգրկվել ՈՒԵՖԱ-ի 2008 թ.-ի հավաքականի կազմում

Ռուս հինգ ֆուտբոլիստներ 2008 թ.-ի արդյունքներով հավակնում են ընդգրկվել խորհրդանշական հավաքականի կազմում, որի համար քվեարկությունը մեկնարկել է երկուշաբթի ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Թեկնածուների թվում են դարպասապահ Իգոր Ակինֆեևը (ԲԿՄԱ), աջ պաշտպան Ալեքսանդր Անյուկովը («Զենիթ»), ձախ պաշտպան Յուրի Ժիրկովը (ԲԿՄԱ), կենտրոնական կիսապաշտպան Կոնստանտին Զիրյանովը («Զենիթ») և հարձակվող կիսապաշտպան Անդրեյ Արշավինը («Զենիթ»)։

Կենտրոնական կիսապաշտպան անվանակարգում Զիրյանովի մրցակիցներից մեկը «Զենիթի» նրա գործընկեր ուկրաինացի Անատոլի Տիմոշչուկն է։ Մարզիչ անվակարգում ներկայացված են հինգ մասնագետներ, որոնցից մեկը «Զենիթի» մարզիչ Դիկ Ադվոկատն է։

Ինչպես հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը, նման քվեարկություն անցկացվում է արդեն ութերորդ անգամ, և անցած տարիների ընթացքում քվեարկությանը մասնակցել է ավելի քան 13 մլն մարդ։

Թեկնածուների ցուցակում են 20 տարբեր ակումբներ ներկայացնող ֆուտբոլիստներ և մարզիչներ։ Ամենաշատ՝ 7 թեկնածու ունի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը, որը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթողն է։ Բացի այդ, ցանկում ներառված են Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 14 անդամներ։

Քվեարկությունը կտևի մինչև 2009 թ.-ի հունվարի 12-ը։-0-