ՌԴ ԱԴԾ-ն առաջին անգամ կներկայացնի բացառիկ փաստաթղթեր ռազմական հակահետախուզության աշխատանքի մասին

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի ԱԴԾ-ն առաջին անգամ հասարակության լայն շերտերին կներկայացնի ռազմական հակահետախուզության գործունեության մասին բացառիկ փաստաթղթեր՝ այդ կառույցի ստեղծման պահից մինչ մեր օրերը, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Ռուսաստանի ԱԴԾ Հասարակայնության կապերի կենտրոնի (ՀԿԿ) ներկայացուցիչը։
«Ռազմական հակահետախուզությունը 90 տարեկան է» ցուցահանդեսը կբացվի հինգշաբթի Մոսկվայի Զինված ուժերի կենտրոնական թանգարանում։
«Ցուցահանդեսի առանձնահատկություններից մեկն այն է, որ այնտեղ կցուցադրվեն ԽՍՀՄ-ի և պետական անվտանգության մարմինների ղեկավարների, այդ թվում՝ Ստալինի, Ձերժինսկու, Անդրոպովի, Աբակումովի և այլոց անձնական իրերը», - ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքերով, ցուցադրության զգալի բաժինը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմի տարիներին հակահատեխուզության «ՍՄԵՐՇ» վարչության աշխատանքին։ Ցուցադրված ցուցանմուշներն ու փաստաթղթերը կպատմեն գերմանական հետախուզության դպրոցներում ռազմական հետախույզների գործունեության մասին, այդ թվում այն մարդկանց մասին, ովքեր եղել են «Ճանապարհ դեպի Սատուրն» կինոկարի գլխավոր հերոսների նախատիպերը։
«Այցելուներին անտարբեր չի թողնի նաև ցուցադրության այն բաժինը, որը պատմում է ռազմական հանցագործների և դավաճանների հետախուզման, այդ թվում՝ Հիտլերի և Գեբելսի աճյունների ամփոփման վայրերի որոնման մասին։ Նրանց անձնական իրերը ևս ներկայացված են ցուցահանդեսին», - ասել է զրուցակիցը։
Բոլոր ցուցանմուշներն ու փաստաթղթային նյութերը տրամադրել են Ռազմական հակահետախուզության դեպարտամենտը, ԱԴԾ գրանցման և արխիվային ֆոնդերի վարչությունը, Պաշտպանության դաշնային ծառայությունը, ԱԴԾ ակադեմիան, Զինված ուժերի կենտրոնական թանգարանը, ռազմական հակահետախուզության վետերաններն ու աշխատակիցները, ինչպես նաև մասնավոր կոլեկցիոներներ։-0-