Հայ հրատարակիչն առաջարկում է համակարգել ԱՊՀ երկրների ազգային ԶԼՄ-ների աշխատանքը

03.12.2008, 17:18
Հայ հրատարակիչն առաջարկում է համակարգել ԱՊՀ երկրների ազգային ԶԼՄ-ների աշխատանքը

Հայկական «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը կարծում է, որ ժամանակն է համակարգել ԱՊՀ երկրների ազգային ԶԼՄ-ների աշխատանքը։

Այս մասին Բաբուխանյանը չորեքշաբթի ասաց Մոսկվայում ընթացող ԱՊՀ երկրների ազգային ԶԼՄ-ների երրորդ ֆորումին նվիրված տեսահամաժողովի ընթացքում։  

«Ֆորումը լիովին իրեն արդարացրեց։ Այժմ ժամանակն է համակարգել մեր աշխատանքը, և այդ առումով մի քանի առաջարկություն է արվել, այդ թվում՝ հայկական պատվիրակության կողմից։ Մենք առաջարկում ենք նախաձեռնող խումբ ստեղծել, առաջարկ է ստացվել նաև մշտապես գործող խորհրդի ստեղծման մասին։ Այդ մոտեցումը համակարգային է, մենք լիովին կողմ ենք դրան և ինքներս պատրաստ ենք ակտիվ մասնակցել»,- ասաց Բաբուխանյանը։

Նրա խոսքերով, ֆորումի երեք օրերի ընթացքում մտածելու բավականին շատ նյութ է կուտակվել։  

«Մենք հասկանում ենք, որ ԶԼՄ-ներն այն հնարավորությունն է, որը մուտք ունի դեպի մարդկանց ուղեղներն ու հոգիները։ Գլխավորն այն է, որ ժողովուրդները հասարակ քաղաքացիների մակարդակով վստահեն միմյանց, որովհետև բարձր մակարդակով շատ փաստաթղթեր կարելի է ստորագրել, բայց եթե այդ փաստաթղթերի ոգին շարքային քաղաքացիներին չհասնի, դրանք այդպես էլ թղթի վրա կմնան։ Եվ մենք՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներս, ոչ միայն կարող ենք, այլև պարտավոր ենք աշխատել այդ ուղղությամբ»,- նշեց Բաբուխանյանը։  

Նա շնորհակալություն հայտնեց «ՌԻԱ Նովոստիին» փորձի փոխանակման հնարավորության համար, այդ թվում     ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև շփման հնարավորության ու լրագրողական ջանքերի համակարգման համար։  

«Այդ առումով ես հատկապես ցանկանում եմ ընդգծել, որ ներկայիս ֆորումը, որտեղ շատ է խոսվել գալիք, և փաստորեն, արդեն իսկ վրա հասած տնտեսական ճգնաժամի մասին, մեր ջանքերը միավորելը հնարավոր է դարձնում՝ համատեղ ուժերով այդ ճգնաժամին դիմակայելու համար։ Բնականաբար, կրթության, մշակույթի, գիտության, տեղեկատվության ոլորտում հումանիտար համագործակցությունը միակ ճիշտ ուղին է, որը կարող է դիմակայել զարգացող ճգնաժամային երևույթներին»,- նշեց Բաբուխանյանը։

«Եվ այսօր համագործակցությունը, այլ ոչ թե անջատումը պետք է գլխավոր կարգախոսը դառնա։ Այդ իսկ պատճառով մեր երկրների ու ժողովուրդների միջև վստահության խորացումը հիմնական ուղին է»,- նշեց նա։ 

Դեկտեմբերի 1-3-ը Մոսկվայում անցկացվում է «ԶԼՄ-ները և Անկախ պետությունների համագործակցության հումանիտար ներուժը» խորագրով ազգային ԶԼՄ-ների երրորդ ֆորումը։ ԱՊՀ մասնակից-երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) և «ՌԻԱ Նովոստիի» կազմակերպած միջոցառմանը մասնակցում է Համագործակցության 11 երկրների և Լատվիայի զանգվածային առաջատար լրատվամիջոցների, փորձագիտական-վերլուծական վերնախավի մոտ 200 ներկայացուցիչ։ Վրաստանը Ֆորումին ներկայացնում են «Իմեդի» և «Ռուսթավի 2» հեռուստաալիքների հավատարմագրված նկարահանող խմբերը։ --0--