Հայկական սփյուռքը Նիժնի Նովգորոդում հայի սպանությունը ֆաշիզմի դրսևորում է համարում
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նիժնի Նովգորոդում իրագործված հայի սպանությունը ֆաշիզմի դրսևորում է, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Նիժեգորոդի հայկական համայնքի ղեկավար Լիդիա Սամկովիչը։
«Դա իսկական ֆաշիզմ է, երբ մարդուն սպանում են իր ազգային պատկանելության համար»,- ասել է Սամկովիչը։
Նա հայտնել է, որ պատրաստվում է դիմել Մերձվոլգյան դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչին և Նիժեգորոդի շրջանի դատախազին խնդրի, որ ուշադրություն դարձնեն Նիժնի Նովգորոդում տիրող իրավիճակին։
Չորեքշաբթի Նիժնի Նովգորոդում ՌԴ հայազգի քաղաքացու դիակ է հայտնաբերվել։ Կողքին հայտնաբերվել է թղթի կտոր հետևյալ գրությամբ՝ «Մենք ձեզ պատերազմ ենք հայտարարում» և ֆաշիստական կեռախաչի պատկերով։ ՌԴ Նիժեգորոդի շրջանի դատախազությանը կից քննչական կոմիտեի Նիժնի Նովգորոդի քննչական վարչության Սորմովի շրջանի քննչական բաժնի կողմից հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 105 հոդվածի երկրորդ մասի «լ» կետով (սպանություն՝ ազգային ատելության դրդապատճառով), որի առավելագույն պատիժը ցմահ բանտարկությունն է։
Սամկովիչը հիշեցրեց, որ նախօրեին ազգային ատելության դրդապատճառով հայի սպանությունը միակը չէ Նիժնի Նովգորոդում։ «Երկու ամիս առաջ սպանվել է ևս մեկ հայ։ Նիժնի Նովգորոդը այլևս հանդուրժողական քաղաք չէ»,- ասել է գործակալության զրուցակիցը։
«Ես ուզում եմ ապրել մի երկրում, որտեղ հարգում են մարդկային արժանապատվությունը։ Եվ եթե ինչ-որ մեկը մարդուն « հաստագլուխ» է անվանել, ապա պետք է պատասխան տա դրա համար»,- ասել է համայնքի ղեկավարը։ --0--